24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատերազմը չի ավարտվել, Կառավարության ուղիղ պատասխանատվությունն է՝ հոգալ սահմանների ամբողջականության համար. Արմեն Սարգսյան

Քիչ առաջ Frontlines հաղորդման շրջանակում ամերիկահայ փաստաբաններ Գառնիկ Քէօրքիւնեանը (Karnig Kerkonian) և Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian) Հայաստանի, Արցախի ներկայիս հիմնախնդիրների շուրջ զրուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է Հայաստանը դուրս գալ հետպատերազմյան ճգնաժամից, Նախագահ Սարգսյանը պատասխանեց, որ առաջին հերթին արժե նշել, որ ինքն ունեցել է լիովին այլ տեսլական այս բազմաստիճան, բազմաշերտ ճգնաժամը հաղթահարելու հարցում, որի ականատեսն ենք ներկայումս Հայաստանում:

Նրա խոսքով, երբ պատերազմը կանգնեցվեց, հաստատվեց հրադադար, իր առաջին հայտարարություններից մեկում հստակեցրել է, որ զարգացած, նորմալ, ժողովրդավարական երկրներում նման մասշտաբի պատերազմից և այսքան շատ երիտասարդ կյանքերի կորստից, տարածքային կորստից, Ղարաբաղի մեծ մասի կորստից հետո տրամաբանական կլիներ Կառավարության հրաժարականը, որը կբացեր պրակտիկ ուղի դեպի ապագա:

«Երբ դու ունես համակարգային ցավոտ և զգացմունքային իրավիճակ, ինչպիսին դա էր, ամենալավ ճանապարհը՝ առաջնահերթ հանդարտեցնել բանավեճի զգացմունքային մակարդակը, և Կառավարության հրաժարականը կնշանակեր փաստացիորեն հենց դա: Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, և դասական մոտեցումը, որում ոչ մի նոր բան չկա, հետևյալն է՝ դու պետք է նոր Կառավարություն ունենաս և այդ Կառավարությունը կարող էր լինել կամ Ազգային միասնության կառավարություն, երբ հիմնական քաղաքական ուժերը միավորվում են ազգային աղետի և դժվարությունների ժամանակաշրջանում, կամ կրկին, ես կարծում եմ, միասնական կառավարություն, բայց զրոյական մակարդակ, մոռանում ենք բոլոր քաղաքական ուժերի մասին և ունենում ենք պրոֆեսիոնալների Կառավարություն, որը կծառայեր մի որոշ ժամանակ` լուծելով այն բազմաթիվ խնդիրները, որոնց ականատեսն ենք այսօր: Դա միայն տնտեսությունը չէ, դա կորոնավիրուսն է, դժվարություններ տարբեր ոլորտներում՝ սկսած կրթությունից, առողջապահություն և այլն, բայց, իհարկե, պատերազմը չի ավարտվել, և տեղի էին ունենում շատ միջադեպեր, որոնք կարող էին կանխվել կամ դրանք դեռ կան, սահմանային լարվածություններ, և որևէ մեկը չի կարող երաշխավորել մարդկային արժանապատիվ պահվածք մեր հարևան Ադրբեջանի կողմից և, ինչպես գիտեք, կա լուրջ լարվածություն սահմաններին, և Կառավարությունը պետք է հոգար այդ իրավիճակի համար, քանի որ դա Կառավարության ուղիղ պատասխանատվությունն է՝ պատասխանել այս հարցին, հոգալ սահմանների ամբողջականության համար»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահը նաև ասաց, որ Սահմանադրությունը պնդում է, որ նախագահը պետք է երաշխավորի պետության ամբողջականությունը, որը որպես դեկլարացիա՝ նորմալ է, ճիշտ է, սակայն այս հասարակության հետ այս Սահմանադրությամբ նախագահը պարզապես չունի որևէ իրատեսական գործիք՝ իրագործելու համար իր պարտավորությունները:

«Անկեղծ լինելու համար ասեմ, որ մի շարք գործիքներ զրոյական են, և Կառավարության պատասխանատվությունն է, ու նախագահը պետք է հիշեցնի խոսքով, իր հեղինակությամբ, որ նրանք պետք է հոգ տանեն մեր պետության ամբողջականության համար»,- ասաց Արմեն Սարգսյանը:

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ