24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի «ռազմական» մանիպուլյացիան. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել է՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել:

Փաշինյանը, ինչպես միշտ, կրկին ստում է՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով:

Այսինքն՝ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈւ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

«Кавказский узел» պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ պնդում է, որ Փաշինյանը մարդկանց մոլորեցնելու համար մանիպուլյացիայի է դիմում, ստում է՝ հատկապես սպազինության վրա ծախսված միջոցների առումով:

Օրինակ, արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք ցուցադրվել են 2016-ի շքերթին, իսկ դրանց շուրջ բանակցություններն ընթացքի մեջ էին 2015 թվականից, երբ նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:

Մասնավորապես, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:

«Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված: Մասնավորապես, ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին: Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար, ընդ որում, ՀՕՊ-ից ավելի վաղ նախատեսված ТОР-երի գնումները, ինչպես նաև Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները, որոնք ոչնչացվել են առաջին իսկ օրը»,- ասվում է հոդվածում:

Հավելենք, որ դեռևս նախորդ տարի մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Հայաստանի կողմից «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը 2018 թվականին վերակնքվել է, իսկ բուն գործարքը տեղի է ունեցել 2010-ին, որը, սակայն, կյանքի չի կոչվել սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Ավելին, վերակնքված պայմանագրի գինն առավել նվազ է եղել:

Թե որքանով է սա համապատասխանում իրականությանը, ՊՆ-ից 168.am-ին պատասխանել էին, թե «համաձայն ՀՀ ՊՆ N 9-Ն 09.07.2015 «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» 25-րդ կետի, պարունակում են պետական և/կամ ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն»:

Ըստ այդմ՝ Փաշինյանը ոչինչ չի ձեռնարկել բանակի համար, ավելին, վնաս է հասցրել, եթե հաշվի առնենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք մշակված զինված ուժերի զարգացման պլանի փոփոխությունը, որի մասին նաև խոսել էր ՀՀ երրորդ նախագահն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

«Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն դոլարը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:

Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ, ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՐ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով»,- մանրամասնել էր Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ ԶՈւԳՇ պետ Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ՏՈՐ-Մ2ԿՄ համալիրների առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել:

Վերադառնալով Փաշինյանի պնդումներին, նշենք, որ 2019-ին Փաշինյանն ասել էր, որ իր կառավարության օրոք աննախադեպ ծավալի սպառազինությունն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար:

Մինչդեռ մենք տեսանք, որ Փաշինյանի իշխանության՝ սպառազինության աննախադեպ գնումները ոչ միայն չկարողացան զսպել հակառակորդի ախորժակը, այլև հաղթանակ ապահովել պատերազմի ընթացքում, և պարտությունից հետո էլ՝ խաղաղություն, որովհետև պատերազմի զսպման դեպքում այլ գործոններ են նախևառաջ անհրաժեշտ: Այն է՝ պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու տարբեր մեթոդներ և բանաձևեր կան, որտեղ հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն:

Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին:

Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, որտեղ նաև սևերի և սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա: Բուն պատերազմի ընթացքում կարևոր է ոչ միայն ռազմատեխնիկական ռեսուրսը, նաև մարդկային, և այս ամենը ճիշտ համադրելու, կազմակերպելու և տեղաբաշխելու կարողությունն ու կազմակերպվածությունը, ինչը մեզ մոտ չի եղել, ըստ էության, քաղաքական գործարքի տրամաբանությունից ելնելով»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ