24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ու՞մ ձայն կտա Եռաբլուրը. Վահե Հովհաննիսյան

Աբովյանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշավի տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մեջ հատակին նետված է հայ ժողովուրդը և մեր պետությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Նոր Հայաստանի փոխարեն կառուցվեց Նոր Եռաբլուր՝ ամբողջական սերնդի, երկրի հեռանկարի քաղաքը։ Եռաբլուրի քվեն գալիք ընտրություններում վճռորոշ է լինելու։ Ցանկացած կենսունակ երկրում, համենայն դեպս, այդպես կլիներ։

«Եռաբլուրի ձայն» հասկացությունն ամենևին հուզական եզրույթ չէ։ Չմտածեք, թե փորձում եմ շահարկել զոհերին ու նրանց հարազատների զգացմունքները։ Եռաբլուրի ձայնն այսօր շատ կոնկրետ հարցադրումների հանրագումար է.

Մենք որպես ժողովուրդ ունե՞նք կորստի զգացում։

Մենք այդքան հե՞շտ ենք հանդուրժում, որ մեր երկիր  պատերազմ բերեն։

Մենք այդքան հե՞շտ կարող ենք զոհել մի ամբողջական սերունդ։

Մենք ունե՞նք արժանապատվություն։

Մենք հասկանու՞մ ենք՝ ինչ կատարվեց, և հասկանո՞ւմ ենք, թե ինչ է սպասվում։

Այս իշխանությունը երկու խոշոր նոր բնակավայր ձևավորեց՝ Եռաբլուրը՝ Երևանում, Եղբայրական գերեզմանոցը՝ Ստեփանակերտում։ Այդ բնակավայրերի ձայնը չի կարող չլսվել, չի կարող լռեցվել։ Եռաբլուրը մի ամբողջական պետություն է՝ այնտեղի տղերքով, նրանց ընտանիքներով, ընկերներով, ընկերուհիներով։ Այնտեղի մթնոլորտով, հույզերով, փոխօգնության և հարգանքի լուռ մթնոլորտով։

Ամենազարհուրելին այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է արել. չի հասկանում իր բերած պատմական աղետի էությունը։ Նա ասում է ամեն անհեթեթություն, խոսում ինչ-որ թղթերից, քննարկված-չստորագրված բանակցային դետալներից ու ամեն անգամ ապշում ես, թե սա ի՜նչ աստիճանի չի հասկանում, թե ինչ է կատարվել։

Փաշինյանին մեղադրում են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելու մեջ, այնինչ նրա ամենամեծ մեղքը սեպտեմբերի 27-ն է։ Նրա ամենամեծ մեղքը պատերազմ թույլ տալն էր, պատերազմ հրահրելը, չհասկանալը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետք էր պատերազմից խուսափել։ Պատերազմ չպետք է լիներ։ Պատերազմ չէր կարող լինել այս փոքր Հայաստանում։

Որպես պատմական պատահականություն իշխանության գալով՝ նա չի հասկացել, որ պատերազմն անթույլատրելի է, որ իրավունք չունես 18-20 տարեկանների բանակը տանել լայնածավալ պատերազմի։ Կամ գուցե իրոք ամենևին պատահական չէր նրա հայտնվելը, և գուցե իրոք սա իր «պատմական առաքելությունն» էր. սա կասկած է, որը չի վերանում, իսկ որոշ դրվագներ վերլուծելիս՝ անգամ խորանում է։

2020-ի Տավուշյան դեպքերին հաջորդած պաշտոնական տոնական հիստերիան և տոնակատարությունը Սարդարապատում, մեդալների և շքանշանների մեծաքանակ բաժանումը հասարակությանը ոգևորել էր։ Մարդիկ խանդավառված էին։

Իմ և շատ այլոց համար դրանք հուսահատության և սարսափի օրեր էին։ Հուսահատության, որովհետև քո ձայնը տեղ չէր հասնում, քեզ լայն հասարակությունը չէր լսում, իսկ սարսափի, որովհետև դու պարզ տեսնում էիր, որ սա տանում է մոտալուտ պատերազմի։ Դու տեսնում էիր. Նիկոլը չի հասկանում, որ իրեն ոչ ոք չի լիազորել՝ մեր տղաներին ուղարկել մահվան։ Ու հետո ասել՝ ես ի՞նչ կարող էի անել, մենք կռվում էինք թուրքերի, Ադրբեջանի ու վարձկանների դեմ։ Թուրքերն ու վարձկանները մեկ օրում չեն հայտնվել Արցախի սահմաններին, ու դու ունեիր բավարար ժամանակ՝ խուսափելու Եռաբլուրի կառուցումից։

Նա չի հասկացել, որ պատերազմն ամենասարսափելին է։ Նա չի հասկացել ո´չ պատերազմի արժեքը, ո´չ խաղաղության։ Նա չի հասկանում մարդու գինը։ Եթե անգամ համարենք, որ սրա հետևում չկար դիտավորություն, մարդկային կյանքերի հանդեպ այս անտարբերության աստիճանը դուրս է որևէ պատկերացումից։

Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է Հայաստանի 4-րդ ղեկավարի ընտրության հարցում։ 2018-ից հետո մենք պետության ղեկավար չունենք։ Այն էմոցիոնալ պահի քվեով զավթված է պատմական պատահականության կողմից։

Գալիք ընտրություններն այդ երեք տարվա էջը փակելու համար են։  Եթե մերժվեց պարտության սիմվոլը, ապա մենք որպես ազգ կմերժենք պատերազմը, արկածախնդրությունը, ստորացումը։ Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է արժանապատիվ խաղաղության մթնոլորտի ձևավորման համար։ Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է՝ Եռաբլուրի էությունը հասկանալու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ