23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն իմ խորհուրդներն ընդունո՞ւմ է, եթե ընդուներ, ապա երկիրն այս վիճակում չէր լինի». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝  նախորդ շաբաթ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի հետ կապված որևէ խոսակցություն չի եղել։

 

«Այն հատվածը, որտեղ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ արտգործնախարարին հանձնարարել եմ, և արտգործնախարարը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա, մնացած մասով որևէ բան չի եղել, և ես զարմացած էի, որ իմացա՝ նա հրաժարական է տվել։ Իմ կոչը, ուղերձը մեր պաշտոնատար անձանց այն է, որ պետք է գիտակցեն, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարումը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս, որ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակեն մեկ այլ մարդու։ Դժվար չէ մեր պետական շահերը ներկայացնել ևս 3 շաբաթ և ընտրություններից հետո, բնականաբար, այդ փոփոխությունները տեղի կունենան։ Այս իմաստով կարծում եմ՝ ճիշտը՝ շարունակել ծառայել Հանրապետությանը, այլ ոչ թե ամենածանր պահին  դուրս գալ ու այդ բեռը թողնել ուղղակի օդում»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Արա Այվազյանի հրաժարականին։

 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ դիտորդական առաքելություն իրականացնեն հայ-ադրբեջանական սահմանին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ, եթե նման բան տեղի ունենար, ապա սահմանային լարվածությունը զգալիորեն կթուլանար, սակայն, ինչպես տեսնում է՝ կողմերից որևէ մեկից արձագանք չկա։

«Այնպես, ինչպես ես եմ ընկալում այդ առաջարկը, վտանգներ չեմ տեսնում։ Ձեզ թվում է՝ Նիկոլ Փաշինյանն իմ խորհուրդներն ընդունո՞ւմ է, եթե ընդուներ, ապա երկիրն այս վիճակում չէր լինի, ամենայն անկեղծությամբ եմ ասում»,- հավելեց նա։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման վերաբերյալ առաջընթաց կա, Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեմայի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, քանի որ ինքը որևէ տեղեկություն չունի։

Էդմոն Մարուքյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե ներկայիս իշխանություններն արտահերթ ընտրություններում կհավաքեն ձայների 60 տոկոսը։

«Ամեն ուժ ընտրություններից առաջ հայտարարում է, թե ինչքան ձայն է ուզում ստանալ, դա նորմալ է։ Պրոֆեսիոնալ բոքսում կողմերը մինչև մարտն ասում են, թե ինչ օրն են գցելու դիմացինին, հիմա սա այդ նույն պատմությունն է։ Մենք այդ ժանրի մեջ չենք եղել, ակնկալում ենք ժողովրդի աջակցությունը և քվեն, որը Հայաստանին կբերի համերաշխություն, մենք միակ ուժն ենք, որ կարող ենք այդ համերաշխությունը բերել։ Փաշինյանն ասում է՝ 60 տոկոս ձայն, նախկին իշխանություններն ասում են՝ մենք ենք հաղթելու, երկու պարագայում էլ համերաշխություն չենք ունենալու։ Թող ժողովուրդը որոշի՝ ուզո՞ւմ է  համերաշխություն, ուրեմն ճանապարհը, տարբերակը կա, չի՞ ուզում համերաշխություն, ուրեմն՝ այս ղալմաղալը կշարունակվի, դրա արդյունքում էլ թուրքերը կմտնեն մեր տարածք, ու ինչ ասես կլինի»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ