«Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ»․ Վահե Հակոբյան
103 տարի առաջ այս օրը՝ 1918 թվականի մայիսի 28–ին, հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։
Հարյուրամյակներ շարունակ պետության ու պետականության բացակայությունից հետո, 1918 թվականին վերջապես իրականացավ մեր հավաքական երազանքը, որը նշանավորվեց առաջին Հանրապետության հիմնադրմամբ։ Առաջին Հանրապետության հիմնադրումն ունեցավ ինչպես պատմաքաղաքական, այնպես էլ չափազանց մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ այն տեղի ունեցավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից տարիներ անց՝ էապես նպաստելով զոհի բարդույթի հաղթահարմանն ու Հայաստանի և հայ ժողովրդի վերածննդին։
Առաջին Հանրապետության հիմնադրումը դարձավ մեր անհատական ու հավաքական կամքի, վճռականության, պայքարի ու անկոտրում ազգային ոգու արտահայտությունը, որովհետև հայ ժողովուրդը կարողացավ վերջապես պետություն ստեղծել Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ–Ապարանում կերտած փառահեղ հաղթանակների շնորհիվ։ Այդ ճակատամարտերը պատմական ու ճակատագրական նշանակություն ունեցան մեր ժողովրդի կյանքում՝ հիմք ստեղծելով մեր դարավոր երազանքների իրականացման՝ պետության ու պետականության կերտման համար։
Ցավոք, Հայաստանի առաջին Հանրապետությունն ունեցավ կարճատև կյանք՝ պայմանավորված ներքին, բայց առավելապես արտաքին քաղաքական անբարենպաստ զարգացումներով։
Այդուհանդերձ, Առաջին Հանրապետությունն անգամ գոյության կարճ ժամանակահատվածում ստեղծեց այն պատմական ու քաղաքական նախադրյալները, որոնք տասնամյակներ անց պետք է դառնային Հայաստանի անկախ պետականության հիմնադրման ու կերտման անկյունաքարերը։ Հայաստանի երրորդ Հանրապետության փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն Առաջին Հանրապետության օրգանական շարունակությունն է՝ ամուր, ուժեղ ու զարգացող պետություն ունենալու մեր համազագային տեսլականը, գաղափարներ, որոնք հատկապես այսօր՝ մեր պետությանը պատուհասած աղետի պայմաններում արդիական են առավել, քան երբևէ։
Առաջին Հանրապետության հիմնադրման խորհուրդն ու կարևորությունը բազմապատիկ մեծ է հատկապես այսօր, երբ մենք կանգնած ենք անկախ պետության ու պետականության կորստի իրական սպառնալիքի առջև: Այս մարտահրավերը մենք կարող ենք ու պարտավոր ենք հաղթահարել նաև Առաջին Հանրապետության դասերից հետևություններ ու պատմաքաղական եզրահանգումներ անելով:
Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս պարտք ունենք Առաջին Հանրապետության հիմնադիրների հանդեպ և դրա լավագույն արտահայտությունը պետք է դառնա այնպիսի պետության կայացումը, որի մասին ավելի քան հարյուր տարի առաջ երազում էին մեր նշանավոր նախնիները՝ Առաջին Հանրապետության հիմնադիրները, որոնց արժևորելու հավատամքով պետք է ապրենք մենք և մեր սերունդները։ Մինույն ժամանակ մենք պարտավոր ենք դասեր քաղել Առաջին Հանրապետության ու դրա կորստին հանգեցրած սխալներից՝ այսօր և ապագայում դրանք չկրկնելու հրամայականով։
Հավերժ հիշատակ ու խոնարհում բոլոր այն նվիրյալներին, ովքեր կերտեցին Մայիսի 28–ի հաղթանակը՝ հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջերից մեկը։
Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության հիմնադրման 103–րդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթում եմ կամք, վճռականություն ու իմաստնություն՝ չշեղվելու Առաջին Հանրապետության ակունքներում դրված սկզբունքներից ու արժեքներից՝ դրանց հիմքի վրա մեր երկրի վերածնունդն ապահովելու, հզորացնելու և վաղվա ուժեղ Հայաստանը կառուցելու համար։
Շնորհավոր Առաջին Հանրապետության օրը։
Վահե Հակոբյան
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ