Գնահատում եմ Դավիթի խիզախությունը. Շարմազանովը՝ Սանասարյանի հացադուլից
_1416389916.jpg)
՛՛Դավիթի արարքը հայրենասիրական, զգացմունքային, էմոցիոնալ պոռթկում էր հայ քաղաքացու, գնահատում եմ Դավիթի խիզախությունը, դա ևս մեկ անգամ քայլ է, որպեսզի հավելյալ ուշադրություն դարձվի խնդրի վրա՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՛՛Ժառանգության՛՛ խոսնակ Դավիթ Սանասարյանի անժամկետ հացադուլից՝, որ արվում է ԵԱՀԿ գրասենյակի դիմաց, պահանջն է վերադարձնել ՄԻ 24-ի օդաչուների դիակները:
Շարմազանովն ընդգծեց, որ ցանկացած ուժ տարբեր կերպ է արտահայտում իր բողոքը.
՛՛Մի քաղաքական ուժը դա անում է հացադուլի միջոցով, մյուսը քննադատում է ու մեսիջներ ուղարկում միջազգային հանրությանը: Մեր և Արցախի պաշտպանության ուժերը այլ ճանապարհով կցանկանան լուծել այդ խնդիրը, ճանապարհները տարբեր են, մեզ համար կարևոր է, որ նպատակը լինի հստակ, և կարողանանք լուծել այն խնդիրը, որը հստակ է: Այն, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի բռնակալական ղեկավարության վրա, սա փաստ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել՛՛,-հավելեց նա:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ եկել է պահը, որ միջազգային հանրությունը սահմանափակվի ոչ թե ընդհանուր գնահատականներով, ալլ հստակ պրեսինգի ենթարկի Ադրբեջանի կողմից տարվող նման քաղաքականությունը: ՛՛Որովհետև եթե Ադրբեջանն արհամարհում է բոլոր նորմերը, ապա նման բան եղել է մի 70-80 տարի առաջ. 33-ին էլ ծնեցին Հիտլերին, հետո հասկացանք, թե ինչ պատուհաս դարձավ ամբողջ աշխարհի վրա, հիմա չեմ բացառում, որ նման մի պատուհաս այս աշխարհի համար լինի Ադբեջանն իր ղեկավարությամբ:
Հարցին, եթե հացադուլը լայնամասշտաբ լինի հացադուլը, արդյոք Եվրոպայի համար ավելի տեսանելի չի՞ լինի, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Ես չեմ կարծում, որ Եվրոպայի համար անտեսանելի է այն տեսաժապավենը, որ օրը ցերեկով որևէ վտանգ չներկայացնող ուղղաթիռին հետևից խոցում են, մենք չենք ապրում 20-երորդ դարում, սա 21-երրորդ դարն է, որը համացանցի դար է, ցանկացած քիչ թե շատ քաղաքացի, եվրոպացի պաշտոնյա պետք է ծանոթ լինի, եթե ծանոթ չէ, դա իր խնդիրն է՛՛: