Մենք նմաններին հեռացնում ենք համակարգից. փոխոստիկանապետ

‘’Ոստիկանության պատվիրատուն հարկատուն է, այսինքն` ժողովուրդը: Ոստկանությունը մշտապես հաշվետու է վերահսկողություն իրականացնող մարմինների առջև’’,- այսօր Ազգային ժողովում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում հրավիրված լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նշենք, որ լսումների թեման էր ՛՛Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը՛՛:
Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը մշտապես համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, լինում են ամենշաբաթյա ասուլիսներ և Skayp-ի միջոցով հարցուպատասխան: Եղիազարյանն ասաց, որ իրենք գերակա նպատակ են դարձրել ծեծի և խոշտանգումների միջոցով ցուցմունք կորզելու իսպառ վերացումը: ՛՛Մենք անում ենք ամեն ինչ նմաններին համակարգից հեռացնելու համար՛՛,- նշեց նա:
Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը, գիտակցելով իր սխալները, ինքն է մաքրում իր համակարգը: ՛՛Կան մարդիկ, ովքեր մենաշնորհի են վերածում ոստիկանությանը քննադատելը և դրա հաշվին փորձում են երկարաձգել իրենց գոյատևումը: Ցավալի է, որ դրանք հիմնականում օգնողների, բարի գործ կատարողների և բազմաթիվ իրավապաշտանների զգեստներ հագածներն են, մինչդեռ ասեմ, որ ոստիկանությունն ինքն է մաքրում իր համակարգը: Դուք հիմա տեսնում եք այնպիսի դեպքերի բացահայտում, որը նախկինում թաքցվում էր՛՛,-եզրափակեց փոխոստիկանապետը: