03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Արտակարգ, նաև ռազմական դրության ժամանակ շատ էին բացարձակ սահմանափակումները, որոնք պետությունը չէր կարողանում ապահովել». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Ըստ Արման Թաթոյանի՝ 2020 թվականը սկզբից, հատկապես մարտ ամսից սկսած, շոկային էր նաև Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի և առհասարակ երկրի հանրային առողջության համար՝ արտակարգ դրությամբ և նոր կորոնավիրուսով պայմանավորված։

ԳՈՎԱԶԴ01:00Իմանալ ավելին
«Այդ ժամանակ մենք բախվեցինք մի շարք մարտահրավերների, այսինքն՝ ոչ միայն քաղաքացիները, այլև տարբեր հաստատություններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանը։ Այդ ժամանակվա գլխավոր մարտահրավերներից էր, նաև հասկանալիորեն, որ սահմանափակումները հաճախ էին փոխվում, և իրազեկման լուրջ պակաս կար, այդ հարցը շատ սուր էր դրված։ Այդ ժամանակ ՄԻՊ-ն աշխատում էր 24-ժամյա ռեժիմով, որպեսզի աջակցեր նաև պետական համակարգին»,- նշեց Արման Թաթոյանը։

Նա շեշտեց, որ այդ ամենով պայմանավորված՝ ՄԻՊ-ը հրապարակել էր 7 լեզվով ուղեցույցներ՝ սահմանափակումների սահմանման վերաբերյալ, նաև իրականացնելով մոնիտորինգ, բողոքների քննություն, միջազգային փորձի վերլուծություն՝ պետական մարմինների համար տրամադրելով անհրաժեշտ առաջարկներ։

Արման Թաթոյանը ներկայացրեց արձանագրած մի քանի խնդիր, որոնք պայմանավորված են եղել կորոնավիրուսով։

«Գլխավոր խնդիրը, որն առաջ էր եկել և բարդություններ էր առաջացնում գործատուների և աշխատողների համար՝ աշխատանքային իրավունքների հարցերն էին։ Խոսքը վերաբերում է աշխատավարձերի վճարման խնդիրներին, մասնավորապես՝ քաղաքացիները հնարավորություն չունենալով գնալ աշխատանքի, արդյունքում՝ զրկվում էին աշխատավարձերից։ Ունեցել ենք դեպքեր, ընդ որում, դրանք բավականին շատ էին, երբ մարդկանց հարկադրում էին գնալ արձակուրդի կա՛մ վճարվող, կա՛մ չվճարվող։ Խնդիրներ առաջ եկան նաև այն ժամանակ, երբ կառավարությունը սկսեց սոցիալական աջակցության ծրագրեր սահմանել, և դրա արդյունքում ի հայտ եկավ, որ մարդիկ իմացան, որ իրենք գրանցված աշխատող չեն։ Ստացվեց այնպես, որ ինչ-որ մարդիկ զրկվում էին այդ աջակցությունից, որովհետև պետությունը սահմանում էր աջակցություն, բայց այս կամ այն աշխատողը չուներ աշխատանքային գրանցում»,- հավելեց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ՝ այս ամենից զատ, լրացուցիչ հարցեր էին ծագում, երբ մարդկանց աշխատանքից անհիմն ազատում էին։ Հարցը մայիս ամսից սկսեց որոշակիորեն կարգավորվել, սակայն հետադարձ ուժի խնդիրը չի իրացվել, այսինքն՝ ստացվել է, որ մարդիկ աշխատանքից ազատվել են, և հետագայում հնարավոր չի եղել վերականգնել նրանց նույն աշխատանքում։

ՄԻՊ-ը կարողացել է նաև կարգավորել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը։

«Մենք ունեինք նաև խնդիրներ՝ առողջապահական համակարգի հետ կապված, մասնավորապես՝ հոսպիտալացումների խնդիրների հետ կապված, հարցը լուրջ էր դրված։ Բնականաբար, համակարգը պատրաստ չլինելով, դարձյալ այդ շոկային վիճակում հայտնվելով՝ խնդիրներ էին առաջանում մարդկանց բժշկական օգնության հասանելիության հետ կապված»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
Անդրադառնալով արտակարգ դրություն հայտարարելուն՝ Արման Թաթոյանը նկատեց՝ արտակարգ դրությունը կարևոր նշանակություն ունի և իրավաչափ նպատակ է հետապնդում հանրային առողջությունն ապահովելու տեսանկյունից։

«Սակայն արտակարգ դրությունը չի նշանակում, որ պետությունն անսահմանափակ կերպով պետք է կիրառի սահմանափակումները և արտակարգ դրությունը դառնա ինքնանպատակ։ Դրա համար մենք ընթացքում աշխատում էինք այն ուղղությամբ, որ ցույց տայինք մեր վերաբերմունքը և՛ պետությանը, և՛ հրապարակայնորեն, որ որքան շատ է շարունակվում արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության բեռը։ Խնդիր էր նաև այն, որ արտակարգ դրության, նաև ռազմական դրության ժամանակ շատ էին բացարձակ սահմանափակումները, որոնք պետությունը չէր կարողանում ապահովել, ստացվում էր այնպես, որ խտրական կիրառություն էր ստացվում օրենքի նորմի, սկսած հավաքների ազատությունից, վերջացրած դիմակներ կրելուց և այլն»,- եզրափակեց Արման Թաթոյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ