Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը փորձել են փակել ճանապարհը. երկուսի սիրտը սակայն չի դիմացել
Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը պատրաստ են դիմել կտրուկ քայլերի: Այդ մասին նրանք հայտնել են ավելի վաղ: Զինծառայողների մայրերը ակնկալում էին հանդիպում ՀՀ զինված ուժերի գերագույն, գլխավոր հրամանատար՝ Սերժ Սարգսյանի հետ:
՛՛4 ամիս առաջ մեզ ընդունեց Հովիկ Աբրահամյանը նա մեզ ասեց որ ինքը ամեն ինչ կանի, որպեսզի հանդիպենք Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նա բոլոր հարցերին պատասխանի։ Նա մեզ խոստացել էր հանդիպումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում՛՛,-օրեր առաջ մեզ հետ զրույցում նկատեց՝ Արթուր Ղազարյանի մայրը:
Այսօր մայրերը կրկին նախագահական նստավայրի մոտ էին:
Ակցիայի մեկնարկից քիչ անց ոստիկաններն ասել են ծնողներին, որ ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը զգուշացրել է, թե նախագահականի աշխատակիցներից մեկը կմոտենա բողոքողներին։
15 րոպե սպասելուց հետո տեսնելով, որ իրենց ոչ ոք չի մոտենում՝ ծնողները դուրս են եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս՝ փակելով մեքենաների ճանապարհը:
Ոստիկանները քաշքշելով փորձել են նրանց հետ բերել մայթ, բայց դիմադրության են հանդիպել։ Քաշքշուկի ժամանակ Գոհար Սարգսյանը (2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը) և Հերիքնազ Մուրադյանը (2013 թվականին զոհված Արմեն Մուրադյանի մայրը) իրենց վատ են զգացել և նրանց համար շտապ օգնություն է կանչվել:
Զոհվածների ծնողները երկրորդ և երրորդ անգամ էլ են փորձել փակել փողոցը, սակայն ոստիկաններընրանց կրկին վերադարձնում էին մայթ։
Մեզ հետ զրույցում Իրինա Ղազարյանը նշեց, որ իրենք պատրաստ են ծայրահեղ քայլերի և չեն հեռանալու՝ նախագահի նստավայրի մոտից: