Ադելն սպասում է իր առաջնեկին
Երգչուհի Ադելը, ով 2012-ին դարձավ “Գրեմմի” մրցանակաբաշխության խորհրդանիշը` միանգամից մի քանի պարգեւի արժանանալով, իր պաշտոնական կայքում երկրպագուների հետ կիսվել է երջանիկ լուրով: 24-ամյա երգչուհին եւ նրա ընկեր Սայմոն Կոնեսկին ծնողներ կդառնան:
“Ես եւ Սայմոնը երեխայի ենք սպասում եւ շատ երջանիկ ենք, սակայն խնդրում ենք ձեզ հարգել մեր անձնական կյանքը: Ընդմիշտ ձեր` Ադել“,-իր արվեստի երկրպագուներին է դիմել երգչուհին: Տասնյակ երկրպագուներ անմիջապես արձագանքել են` շնորհավորելով իրենց կուռքին եւ հայտնելով իրենց աջակցությունը:
“Vogue”ամսագրին նախորդ տարի տված հարցազրուցում Ադելը խոստովանել էր, որ ցանկանում է, որ իր առաջնեկը տղա լինի: “Ես երազում եմ 5 տղա ունենալ: Տղաները սիրում են իրենց մայրիկներին, իսկ աղջիկների հետ դժվար է”,-նշել է երգչուհին:
Ադելը եւ նրա ընկեր Սայմոն Կոնեսկին, ով ղեկավարում է “Drop4Drop” բարեգործական հիմնադրամը, սկսել են հանդիպել 2012-ի ամռանը: