«Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական հերթական ձախողում». Նարինե Մեհրաբյան
ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանի կարծիքով՝ գերիների հարցը չի կարելի շահարկել:
«Նման վերաբերմունքը, որ գերիներ են վերադառնում, այնուհետև՝ չեն վերադառնում, էմոցիոնալ և հուզական լուրջ շփոթ կարող է առաջացնել ծնողների մոտ, նրանք գուցե չկարողանան զսպել իրենց էմոցիաները, զգացմունքները, և ինչպես գիտենք՝ արդեն 2 օր է՝ ՊՆ-ն շրջափակված է ծնողների կողմից, նրանք արդեն որոշակի ծայրահեղ քայլերի են դիմում: Կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, և դրա համար պարտադիր է օգտագործել բոլոր լծակները՝ կլինի եկեղեցի, կլինեն դրսում հայ համայնքներ, կլինեն եվրոպական տարբեր պատգամավորներ, կլինեն հենց իշխանության կողմից արվող քայլեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Դա ոչ այլ ինչ է, քան պետական ապարատի դիսֆունկցիայի արդյունք, որովհետև հանրապետության նախագահը Սահմանադրության երաշխավորն է և ի պաշտոնե երկրի առաջատար դեմքերից մեկն է, ով ևս ի պաշտոնե պարտավոր է տեղյակ լինել պետական ապարատում և ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումներին: Այստեղ նոնսենս է առաջանում՝ ինչպե՞ս կարող է հանրապետության նախագահը տեղյակ չլինել երկրում տեղի ունեցող զարգացումներից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական ապարատի ձախողում. չի կարող պայմանականորեն արտգործնախարարի խոսքը հակասել վարչապետի խոսքին, կամ՝ հակառակը: Մենք, ավաղ, ականատես ենք լինում նման իրավիճակի, և սա պետական ապարատի ձախողման արդյունք է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ իրավիճակը փոքրիշատե հնարավոր է վերահսկելի դարձնել, և անհրաժեշտ է պարզապես կամք և ցանկություն»,- ի պատասխան՝ ասաց նա:
Մեհրաբյանն ընդգծեց, որ ապաշրջափակման համար ձևավորված խմբի աշխատանքները կարելի է դադարեցնել մինչև այն պահը, երբ կվերադառնան մեր գերիները. «Ոչ թե թույլ տանք, որ Ադրբեջանն ընդդեմ նախընտրական շրջանի շահարկի այդ փաստը, այլ մենք ինքներս այս պահին առկա հնարավորություններով փորձենք ի շահ մեր երկրի, մեր պետականության՝ խնդիր լուծել: Եթե վերանանք էմոցիոնալ դաշտից, ամբողջ աշխարհում ականատես եղան մի իրավիճակի, երբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետի գրասենյակը հաստատեցին, որ վերադառնում են հայորդիներ, այնուհետև եկավ մի ինքնաթիռ, որտեղ հայորդիները չկային. Սա ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական հերթական ձախողում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Ռազմիկ Մարտիրոսյան
168.am