Զուրաբյանն ու Շարմազանովը համակարծիք են
ԱԺ-ում արտահերթ քննարկման է ներկայացվել ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած ”Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի անվտանգության ապահովման ռազմաքաղական հիմնադրույթների հայեցակետերի մասին” օրենքի նախագիծը:
Տեղեկացնենք, որ նախագծով առաջարկվում է ՀՀ-ի կողմից ճանաչել ԼՂՀ անկախությունը և ԵՏՄ անդամակցությունից հետո բացառել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ լինելու խնդիրը:
Նախագծի վերաբերյալ բացասական ելույթներով հանդես եկան թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչները: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասաց, որ եթե այս նախագիծն ընդունվի, ապա այն միջազգային մեկուսացման մեջ կդնի Հայաստանին: ՛՛ՀԱԿ-ը չի մանսակցելու քվեարկությանը՛՛,-հայտարարեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ տեղեկացրեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել: ՛՛Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության խնդրի ու ղարաբա-ադրբեջանական կոնֆլիկտի արդարացի լուծումը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է: Սա միակ հարցն է, որտեղ իմ ու նախորդ հռետորի կարծիքները համընկնում են. միակողմանի ճանաչումը, կարծում եմ, խոչընդոտ կհանդիսանա բանակցային պրոցեսի համար՛՛,-ընդգծեց նա: Շարմազանովը հավելեց, որ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ամենաբարձր ամբիոններից՝ Նյու Յուրքոմ ՄԱԿ-ի ամբիոնից, Ստրասբուրգում, ԱԺ-ում հայտարարել են, որ ՀՀ-ը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է: ՛՛Այս տարիների ընթացքում տարբեր միջազգային հարթակներում քիչ դրական աշխատանք չենք կատարել, որ մեր միջազգային գործընկերները գիտակցեն, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի՛՛,-նկատեց նա:
Շարմազանովի խոսքով՝ աշխարահում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ անխուսափելի է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարաշավը: Ըստ նրա՝ պետք է միասնական լինեն ՀՀ-ը, ԼՂՀ-ն ու սփյուռքահայ գաղթօջախներ ու միասնական աշխատանքի արդյունքում հասնեն միջազգային ճանաչմանը: Նա հիշեցրեց, որ նման կարծիք ունի նաև ԼՂՀ Ազգային ժողովը:
՛՛Մեր հանրապետության արտաքին քաղաքական հայեցակարգային խնդիրներից մեկն է, չպիտի գնանք կուսակցական ու անձնական շահի հետևից, այստեղ միայն կա ՀՀ-ի, հայության ու Լեռնային Ղարաբաղի հայությանը խնդիրը, պետք է գնանք մեր ընդհանուր շահի հետևից, ինչը պահանջում է, որ միասնական պայքարենք Արցախի ժողովրդի միջազգային իրավունքի ճանաչման համար՛՛,-եզրափակեց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու այդ որոշման նախագծին: Միաժամանակ, նա կարևորեց, որ Արցախի անկախության ճանաչման գործում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը գործեն միասնաբար` անհրաժեշտ պահին: Եվ այդ համատեքստում, ըստ Ռուստամյանի, սխալ է հարցն անընդհատ առաջ բերելը, որովհետև աշխարհում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը: