Լրագրողի արձանը ենթարկվել է վանդալիզմի. քահանան ահազանգում է /լուսանկար/
Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը ահազանգում է՝ Նոր Նորքի առաջին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Լրագրողի արձանը այսօր առավոտյան ժամը 05:07 սահմաններում ենթարկվել է վանդալիզմի:
Henaran.am-ի հետ զրույցում քահանան ասաց, որ եկեղեցու օծման օրվանից այդ արձանը տեղադրված է այգում.
«Լրագրողի արձանը խորհրդանշում է անկախ, անկաշառ ու հայենիքի նվիրյալի կերպարը և մարմնավորում ազատ խոսքը կրողների իրական պատմությունը: Քանի որ արձանը և եկեղեցին գտնվում են նույն տարածքում, այն միշտ եկեղեցու աշխատակիցների ուշադրության կենտրոնում է և վերահսկվում է նրանց կողմից, այսօր առավոտյան տեսանք, որ արձանը ենթարկվել է վանդալիզմի, ոտքերը կտրել տարել են»:
Քահանան նշեց նաև, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն. «Չնայած արձանին նայող տեսախցիկները հանցագործները վնասել են, բայց հուսով ենք դա չի խանգարի պարզելու դեպքի մանրամասները»:
Նա հավելեց նաև՝ մինչև վերջ հետևողական են լինելու այդ դեպքի բացահայտմանը: