19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունն արտահերթ ընտրությունների գնալու նոր պայման է դրել ընդդիմության առաջ. Էդմոն Մարուքյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի ցանկանում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու գտնելու է բազմաթիվ պատճառներ արտահերթ ընտրություններից խուսափելու համար:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հնչեցրած տեսակետին՝ հակադարձ մեղադրանք հնչեցրեց իշխող ուժի հասցեին: Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան»-ը այն ուժն է, որ իր նախապես դրած  պայմաններից գնացել է զիջումների՝ 2020թ.-ի դեկտեմբերից սկսած:

 Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը պաշտոնապես հայտարարել է, որ եթե մինչև հունիսի 1-ը կազմակերպվեն արտահերթ ընտրություններ, չի առաջադրվի վարչապետի թեկնածու՝ վարչապետի հրաժարականի պարագայում, որևէ ձևով չի խոչընդոտի, եթե անգամ ուրիշ ֆրակցիա առաջադրի, չի ընտրի այդ վարչապետի թեկնածուին՝ միայն թե խորհրդարանը լուծարվի, ու գնան արտահերթ ընտրությունների:

Մարուքյանը հիշեցրեց նաև իր հանդիպումը Փաշինյանի հետ, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև հունիսի 1-ի վերջնաժամկետին, որն էլ ընտրվել է՝ հաշվի առնելով այն հնարավորությունը, որ մինչև ապրիլի 6-ը Փաշինյանը հրաժարական տա: ԼՀԿ ղեկավարի փոխանցմամբ՝ պայմանավորվել են, որ Փաշինյանը կհանդիպի նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ:

«Ես սպասել եմ մինչ օրս, որ ինքը հանդիպի «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, որից հետո ես էլի կհանդիպեմ վարչապետի հետ, նաև իմ գործընկեր խմբակցության ղեկավարի հետ: Որևէ այլ փոփոխություն այս քննարկումների հետ կապված տեղի չի ունեցել:

Հիմա, քանի որ իշխանությունը տեսել է, որ բոլորը ոնց որ թե կոնսոլիդացվել են, կոնսենսուս կա արդեն արտահերթ ընտրությունների հետ կապված, հիմա եկել են, ասում են՝ «էդ սաղ լավ ա, ուզում ենք ընտրություններ լինի, ուզում ենք արտահերթ լինի, բայց մի հատ հարց կա. մեր կազմած Ընտրական օրենսգիրքը չե՞ք գա, կողմ քվեարկեք»: Մենք էլ ասում ենք՝ եղբայր, մենք շատ կառուցողական ենք եղել և այդ Ընտրական օրենսգրքի խմբում մեր պատգամավորները ձեզ հետ աշխատել են երկար ժամանակ շատ կառուցողական, ովքեր առաջարկել են բաց ցուցակով համամասնական…

Երբ որ դեկտեմբերին մեզ առաջարկվել են արտահերթ ընտրություններ, առաջարկվել է գործող օրենսգրքով: Հիմա կա՛մ մենք գործող օրենսգրքով գնում ենք, կա՛մ եթե իրենք ուզում են, որ իրենց գրած օրենսգրքով դա արվի, ուրեմն պետք է անել հետևյալ բանը: Պետք է իրենք քվեարկեն հիմա արագ, ընդունեն իրենց ուզած օրենսգիրքը և դրանով գնան, և չակնկալեն, որ ընդդիմությունը այն օրենսգրքին, որին դեմ է, պետք է կողմ քվեարկի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ այժմ էլ իրենց առաջ իշխանությունը որոշել է դնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու այլ պայման, այն է՝ Ընտրական օրենսգրքի նոր նախագծին կողմ քվեարկելը:

«Եթե դա էլ անենք, հիմա էլ ժամացույցս են ուզելու: Գալու են, ասեն՝ «եթե «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը իր ժամացույցը մեզ չտա, մենք չենք…»: Ակնհայտ է դառնում, որ իշխանությունը ամեն նոր պատրվակ է առաջ բերում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ