«Իր վարչապետությամբ ի՞նչ ընտրություն, սնայպերներով է գնալու ընտրությունների». Էդուարդ Շարմազանով
Մի քանի շաբաթ առաջ արտահերթ ընտրություններից հրապարակավ հրաժարված գործող իշխանությունները ընդդիմության հետ կրկին այդ հարցն են քննարկում։ Միակ ուժը, որը կարծես թե դեմ է ընտրություններին, ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ այսօր է՞լ շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չեն մասնակցի ընտրություններին։ Նա ասաց․ շարունակում են պնդել, որ արտահերթի թեման կեղծ օրակարգ է, ինչպես շաբաթներ առաջ։ Շարմազանովի խոսքով՝ երբ Փաշինյանի տեղը նեղվում է, ընտրություններ է առաջարկում, բայց չկա ոչ մի երաշխիք, որ վաղը կկրկնի, թե արտահերթի պահանջ չկա։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ասաց՝ երբ հայտարարվեն ընտրություններ, ՀՀԿ-ն կքննարկի եւ կներկայացնի իր որոշումը, ինքը մնում է իր կարծիքին։
«Իր վարչապետությամբ ի՞նչ ընտրություն, սնայպերներով է գնալու ընտրությունների, 5-10 հազար ոստիկաններին հետեւից գցած՝ պիտի էս ռայոնից էն ռայոն քարոզարշավի՞ տանի, նա մի փողոցից մյուսը չի կարողանում հանգիստ գնալ, ուժային կառույցներին՝ գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ՝ հետեւին տված է ման գալիս։ Սա ամեն ինչի գնում է, ժողովրդի վրա դիպուկահարի սնայպեր է պահում, որ իր աթոռը պահի, սա, մտածում եք, ընտրություն չի՞ կեղծելու։ Ինքն ի՞նչ ընտրություն պիտի կազմակերպի, իր բառերով ասած՝ ասում է՝ եկեք ղազագիրը ստորագրեք, որ վարչապետ չե՞ք առաջադրի, էդքան վստահ ես՝ հրաժարական տուր, 83 հոգանոց ֆրակցիա ունես»։
Հարցրինք՝ իսկ իրենք վստա՞հ են, որ ՀՓՇ իրենց գործընկեր Գագիկ Ծառուկյանը չի ստորագրի հուշագիր։ «Ես վստահ եմ միայն իմ եւ իմ ընկերների վրա։ Փաստն այն է, որ մի անգամ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը մերժել են այդ առաջարկը, այսօր ինչ կանեն՝ ես չգիտեմ։ Բայց այն ժամանակ, երբ իրենք մերժում էին, բանակը չէր պահանջում վարչապետի հրաժարական, պիտի բոլորը հասկանան, որ բանակը մեծ կառույց է, սա միայն Օնիկ Գասպարյանի խնդիրը չէ, եւ, այո, այսօր օրակարգի միակ հարցն իր հրաժարականն է»։ Մեր դիտարկմանը, որ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո էլ հրաժարականի մտադրություն չունի, եւ ընդհանրապես՝ տպավորություն է, որ չի հեռանալու այդ աթոռից՝ խորացնելով ճգնաժամը, պատասխանեց․ «Բա որ հրաժարականի մտադրություն չկա, գնում են արտահերթի, որ ի՞նչ անեն, որ գնան ասեն՝ երկու մանդատ Նիկոլը մեզ տվե՞ց»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
hraparak.am