25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաղարշակ Հարությունյանը պետք է որոշի՝ կանգնել բանակի՞, թե՞ ապիկար Կառավարության կողքին․ Ա․ Զաքարյան

Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները վարկաբեկել են ՀՀ-ն, հակասել են ՀՀ շահերին և բացասական ազդեցություն են ունեցել պետական բոլոր կառույցների վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը, որով վերջինս պահանջում է Կառավարության հրաժարականը։

 

«Ինձ համար զարմանալի չէ, որ  ԳՇ-ն, որ եղել է մեր բանակի ղեկավար կազմն ամբողջությամբ, եղել է ապաքաղաքական մարմին՝ զերծ բոլոր տիպի քաղաքական զարգացումներից, այսօր արդեն դանակը հասել է ոսկորին, և ստիպված նման հայտարարություն է անում։ Զինվորականների աչքերով պետության ներքին անվտանգությունը, արտաքին անվտանգությունը շատ ավելի լավ են երևում, և եթե արդեն նման հայտարարություն են անում, նշանակում է՝ վաղուց արդեն պետական անվտանգության բոլոր կարմիր գծերը անցել ենք»,-ասաց նա։

Ըստ Զաքարյանի՝ ինստիտուցիոնալ առումով ՀՀ պետական կարգը Նիկոլ Փաշինյանի պատճառով խախտվել է, այսօր էլ նա շարունակում է խախտել։ «Միակ նպատակը բախումների տանելն է, ուժի միջոցով փորձելու է շարունակել ձգել իր թշվառ իշխանությունը, որովհետև մենք այս ողբերգական իրավիճակին հասանք հենց միմիայն իր դիլետանտ և դավաճանության կասկածներ ունեցող կառավարման պատճառով»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ բանակի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, Զաքարյանն արձագանքեց, թե այս իրավիճակը ռազմական հեղաշրջման փորձ չէ և, ընդհանրապես, ռազմական հեղաշրջումից հեռու է։

«Պատերազմական իրավիճակից հետո և դրա ընթացքում այս ապիկար իշխանությունների բոլոր գործողությունները վերլուծելով՝ հանգում ես այն եզրակացությանը, որ ԳՇ-ն վաղուց պետք է արձագանքեր այդ բոլոր իրադարձություններին։ Սա ռազմական հեղաշրջում չէ, պարզ քաղաքացիական մտահոգություն է, որին միացել են նաև զինվորականները։ Նրանք ոչ թե միտինգներ են անում, այլ համախմբված կերպով հայտնում են իրենց մտահոգությունը, որ այսպես չի կարելի շարունակել, այս իշխանության հետևից գնալը նշանակում է գնալ անդունդ, կործանել պետությունը, մեր ապագա ունենալու բոլոր հնարավորությունները։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանի հերթական ստոր ձեռագիրն է սա անվանել ռազմական հեղաշրջման փորձ, որ մտցնեն իրավական դաշտ և իրավական գործիքներով ռեպրեսիաներ անեն»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է մտածի՝ այժմ ինչպես առանց ավելորդ կորուստների, բախումների դուրս գալ այս իրավիճակից։ «Այսօր իշխանության պայքար չէ, այսօր պետությունն այս իրավիճակից դուրս բերելու խնդիր ունենք, երաշխավորված չէ, որ այս իրավիճակում մենք չենք ունենա արտաքին վտանգներ, խնդիրներ Արցախի մնացած հատվածում։ Ոստիկանությունը պետք է զերծ մնա բախումներ հրահրող գործողություններից։ Բոլոր այն քաղաքացիները, որ այսօր գնում են Նիկոլ Փաշինյանի հետևից, գնում են ընդամենը կապիտուլյանտի իշխանությունը երկարաձգելու համար»,- ասաց Զաքարյանը։ 

 

Վերջինիս խոսքով՝ 2018-ից առաջ բանակը ինստիտուցիոնալ առումով եղել է միակ կայացած կառույցը։ «Եթե մենք չենք կարողանում այս իրավիճակից դուրս գալ, ուրեմն՝ այլևս պետություն ունենալու իրավունք էլ ձեռք չենք բերելու։ Նիկոլ Փաշինյանն իր անլրջությամբ ցանկանում է անլրջացնել ամբողջ պետական համակարգը»,- նշեց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ Զաքարյանն ասաց, թե նրա վիճակն այսօր շատ աննախանձելի է, քանի որ պետք է որոշի, թե որ կողմում է ինքը․ «Կանգնել բանակի՞ կողքին, թե՞ ապիկար կառավարության կողքին, որի անդամ է նաև ինքը»։

tert.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ