23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական լրատվամիջոցները հրահրում են նոր ատելություն. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով շարունակում է ամրապնդվել հուսահատության փակուղում»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցները հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը, այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։

Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ։

Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:

Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։

Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։

Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից», – ասված է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ