Պետք է տարածքների զիջում լիներ, բայց Արցախի հստակ կարգավիճակով․ Վահրամ Բալայանը՝ Սերժ Սարգսյանի առաջարկների մասին․ Հրապարակ
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում բավականին ուշագրավ մանրամասներ հայտնեց բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ Երևանը շատ մոտ է եղել հանգուցալուծմանը: Խոսեց միջազգայնորեն երաշխավորված խոստման մասին, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր ԼՂ բնակչության ագատ կամարտահայտմամբ, իսկ մինչ այդ ԼՂ անվտանգությունը պետք է ապահովեին ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, ՀՀ-ն կհանդիսանար ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ-ն էլ իրավունք էր ստանում անդամակցել միջազգային տարբեր կառույցների, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր: Մեր վերահսկողության տակ կլինեին Լաչինի և Քելբաջարի շրջանները: Ասվածից որոշ բան հայաստանյան հանրության համար նորություն էր, իսկ որքանո՞վ էին Արցախում տեղյակ այս ամենից: Զրուցեցինք Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկինում ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ:
-Սարգսյանի ներկայացրած լուծումները Ձեզ հայտնի՞ էին:
-Մի մասն եմ լսել… Այստեղ Ապրիլյան պատերազմից հետո որ հավաք է եղել, մասնակցել եմ, խոսել-լսել ենք:
-Ասում էր՝ պետք է լուծե՞մ:
-Ասում էր, որ անհրաժեշտ ա հարցին ինչ-որ լուծում տալ, բայց պետք ա Ղարաբաղը կարգավիճակ ունենա: Իր մոտեցումը սա էր: Որ պետք է այդ տարածքների զիջումը լինի, բայց Արցախի հստակ կարգավիճակ լինի՝ կա՛մ որպես ՀՀ մաս, կա՛մ որպես առանձին պետություն: Իհարկե, երկար զրույց էր…
-Իսկ տարբերակներից ո՞րն էր ընդունելի:
-Խնդիրը հետևյալն էր. անընդհատ խոսվում էր 5+2-ի հետ կապված, այսինքն՝ 5 շրջանների հանձնման տարբերակ, որ պետք է քննարկվեր, և հնարավոր տարբերակ, որ էդ 2 շրջանը մնար: Բայց էդ ամենի հիմքում դրված էր Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը: Ոչ թե Արցախը նվիրելու, այլ կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցը: Հետո, գիտեք, մի բան էլ կա. ասելը և անելը տարբեր բաներ են: Կարելի է հարցի շուրջ խոսել, քննարկել, կարելի է էսպես անել, էնպես անել, բայց բանն այն է, որ կարող ես էդքանն ասել, բայց ոչինչ չանել: Խնդիրն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները, իմ ունեցած տեղեկություններով, թե՛ Քոչարյանի, թե Սարգսյանի ժամանակ, մտահոգության առարկան այն է եղել, որ Արցախն ունենա հստակ կարգավիճակ։
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։