Պարուհու հետ “պրիվատ” պարելը տարավ քաղմաս. Ժամանակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է “Լաս” գիշերային ակումբում կատարված խուլիգանության գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 13-ին Երեւանի Պարոնյան փողոցում գործող “Լաս” գիշերային ակումբում:
Ամբաստանյալի աթոռին ակումբի վերոհիշյալ օրվա երեք հաճախորդներն են՝ եղբայրներ Հրանտ եւ Մանվել Հարությունյանները եւ նրանց ընկեր Մուշեղ Թադեւոսյանը: Երեք ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Հրանտ Հարությունյանը:
Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ուշ երեկոյան 23-ամյա Մանվելը, 22-ամյա Հրանտը եւ 37-ամյա Մուշեղը գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով վիճել են տուժող Սարգսի հետ, հարվածներ հասցրել նրան, մոտ 30 րոպե խախտել հասարակական կարգը եւ խաթարել ակումբի բնականոն աշխատանքը:
Հրանտին մեղսագրված է նաեւ տուժողին գարեջրի ապակե դատարկ տարայով հարվածներ հասցնելը: Հրանտ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը որպես զենք գործադրված առարկայի՝ ապակե շշի օգտագործմամբ կատարված խուլիգանություն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկու ամբաստանյալները մեղադրվում են խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Դատարանում հարցաքննվեց գիշերային ակումբի տերը, ով դեպքի պահին ակումբում չէր եղել, կատարվածի մասին իմացել էր դեպքից հետո:
Վկան նախկին ոստիկան է եղել, մոտ վեց տարի առաջ աշխատել է որպես քրեական հետախուզության բաժանմունքի տեսուչ, արդեն վեց տարի ոստիկանության համակարգում չի աշխատում:
Գործով տուժող Սարգսին նա ճանաչել է ոստիկանությունում աշխատած ժամանակից, Սարգիսը նույնպես ոստիկանության համակարգում է աշխատել: Դեպքից կարճ ժամանակ առաջ Սարգիսը դիմել է գիշերային ակումբի տիրոջը, ասել է, թե թոշակի անցնելուց հետո նյութական խնդիրներ ունի: Նա ցանկացել է աշխատել ակումբում: Ակումբի տերը դեմ չի եղել հին ծանոթին իր ակումբում աշխատանք տալուն, բայց նշանակել է փորձաշրջան, որ Սարգիսը մի քանի օր փորձնական աշխատի, “տիրապետի” աշխատանքին, նոր միայն օրինական կարգով ընդունվի աշխատելու: Այնպես է ստացվել, որ դեպքի օրը Սարգիսը “Լաս” ակումբում եղել է որպես փորձաշրջանի մեջ գտնվող աշխատող:
Ակումբի տերը հայտնեց, թե Սարգսին ծանոթացրել էր իր աշխատողների հետ, ներկայացրել որպես փորձաշրջանում գտնվող աշխատողի, հետեւաբար Սարգիսը այդ երեկո լիազորված էր որոշակի գործառույթներ կատարելու համար:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: