«2020-ին ընդամենը երկու ոլորտում ունենք աճ». Նիկոլ Փաշինյանը կարեւորեց լիզինգի ծրագիրը
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա փետրվարի 11-ի նիստում փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ագրո¬պա¬րենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի հուլիսից, եւ մեկնարկից հետո ՀՀ կառավարության տարբեր որոշումներով Ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի 230.0 մլն դրամ վերին շեմը բարձրացվել է մինչև 450.0 մլն դրամ, իսկ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակներում գյուղատնտեսական հումք վերամշակողների համար՝ մինչև 1.0 մլրդ դրամ։
Ծրագրից օգտվելու հնարավորություն է տրվել նաև գյուղացիական տնտեսություններին, ավելացվել է Ծրագրի ընդգրկման շրջանակը կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստերներով, հիմնական միջոց հաշվառվող հումքի պահման մետաղյա տարողություններով, ինչպես նաև գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներով, շարժական և մոդուլային սպանդանոցներով, բացի այդ ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման համար ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավել 6.0 մլն դրամը, ինչպես նաև թիրախային համայնքներում գործարկելու նպատակով շարժական և մոդուլային սպանդանոցների ձեռք բերման համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 75 տոկոսը, բայց ոչ ավել 4.8 մլն դրամը սուբսիդավորվում է։
Ծրագիրը բավականին պահանջված է և մեկնարկից սկսած մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ֆինանսական կառույցների կողմից հաստատվել է 201 շահառուի լիզինգի տրամադրման 293 հայտ՝ շուրջ 8.9 մլրդ դրամի չափով, որոնց շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 750 միավոր սարքավորում, իսկ սուբսիդավորման գումարը կազմել է 266 մլն դրամ:
Նախագիծը մշակվել է մի շարք, մասնավորապես՝ սառնարանային, ջերմատնային ու պահեստային տնտեսություններում, թռչնաբուծության և ագրովերամշակող արդյունաբերության ոլորտներում գործողտնտեսավարողների, ինչպես նաև Ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների առաջարկությունների հիման վրա։
Այս որոշմամբ առաջարկվում է յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450.0 մլն դրամի շեմը բարձրացնել մինչև 1 մլրդ դրամի, լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման համար որպես հիմք սահմանված ՖԿ-ի հանդեպ տվյալ լիզինգի մասով լիզինգառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային ժամկետանց պարտավորությունների 60 օրվանից ավելի ժամկետը փոխարինվում է մինչև 90 օր ժամկետով։
Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում կավելանան Ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի Ծրագրի շրջանակներում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում 450.0 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։
Նախարարն ընդգծեց, որ ծրագիրը միտված է խոշորացնել գյուղատնտեսությունը, այսինքն խթանել գյուղատնտեսներին ավելի մեծ ծրագրեր ձեռնարկել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս կարեւորեց ծրագիրը՝ նշելով. «2020-ին երկու ոլորտ ունենք, որտեղ աճ է գրանցվել եւ դրանցից մեկը գյուղատնտեսությունն է: Այս հարցում իր դերն ունի նաեւ այս ծրագիրը: 2020-ին լիզինգի ծրագրով ծախսվել է շուրջ 9 մլրդ դրամ, 576 շահառուի կողմից ձեռք է բերվել 950 միավոր տեխնիկա: Սա բավականին մեծ թիվ է ՀՀ-ի համար: 2019-ին էլ մենք շատ հաջող ավարտեցինք այս ծրագիրը»: