Պատերազմական գործողություններ էին մի քանի ամիս առաջ, ո՞րն էր ԱԱԽ դերակատարությունը
_1414572013.jpg)
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի բյուջեի քննարկման ժամանակ զեկուցող ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանին հարց ուղղեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ցանկանալով տեղեկանալ, թե այս տարի ԱԱԽ-ն քանի՞ նիստ է անցկացրել, և որքա՞ն են կազմում նիստերի համար անցկացվող ծախսերը:
Թանանյանը պատասխանեց, որ նիստերի համար գումարներ չեն նախատեսվում ու չեն կատարվում.
՛՛ԱԱԽ նախագահի կողմից հաստատվում է տվյալ տարվա աշխատանքային ծրագիրը, որի համաձայն անց են կացվում նիստեր, այս տարի երկու նիստ է անց կացվել, և նախատեսվում է ևս երկու նիստ անցկացնել՛՛,-ասաց նա:
՛՛Կցանկանայի իմանալ՝ այդ երկու նիստի համար բյուջեից ինչքա՞ն գումար է տրամադրվել: Հասկանում եմ, որ չի ծախսվել, բայց ընդհանուր այդ ինստիտուտի համար որքա՞ն գումար տրամադրվել բյուջեից՝ աշխատավարձի, էլեկտրէներգիայի, վառելիքի, վարորդների համար՛՛,-հարցրեց Փոստանջյանը:
Արամ Թանանյանը հայտնեց, որ աշխատակազմի պահպանման համար հաստիքացուցակով 94 հաստիք է նախատեսված, ներկայումս 74-ն են: Բացի աշխատավարձերից գումարները գնում են դիտարկումների, միջազգային միջոցառումների անցկացման վրա, իսկ ԱԱԾ 2015 թվականի բյուջեն կազմում է 470 միլիոն դրամ՝ 44 միլիոնով ավելի նախորդ տարվա բյուջեից:
Զարուհի Փոստանջյանին անհանգստացնում էր նաև այն հանգամանքը, որ ԱԱԽ կայքը չի արտացոլում այդ ինստիտուտի աշխատանքը՝փորձելով իմանալ, թե որտե՞ղ են հրապարակված ԱԱԽ կատարած դիտարկումները:
՛՛Պատերազմական գործողություններ էին մի քանի ամիս առաջ, ես այդպես էլ չհասկացա՝ ո՞րն էր ԱԱԽ դերակատարությունն այնտեղ, եթե դիտարկումներ արեք եք, ինչո՞ւ չենք տեսել՛՛,-նկատեց Փոստանջյանը:
ԱԱԾ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պատասախանեց, որ ԱԱԽ-ն ձեռնամուխ է եղել իրենց պաշտոնական կայքի թարմացմանը, որտեղ համապատասխան տեղեկություններ կտրամադրվեն տարվա արդյունքների մասին.
՛՛Ինչ վերաբերում է սահմանային միջադեպերի հետ կապված ԱԱԽ աշխատանքին, հիշեցնեմ, որ ԱԱԽ ղեկավարը երկրի ղեկավարն է, և աշխատակազմն ապահովում է ԱԱԽ ղեկավար կողմից կայացրած որոշումների իրականացումը, մենք ինքնուրույն որևէ գործունեություն չենք ծավալում՝ մեր գործունեության ծրագրից դուրս՛՛,-եզրափակեց Թանանյանը: