Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
“Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ: Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:
Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում”,-իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի եւ ԵՄ խորհրդի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: