29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վահե Հովհաննիսյան. Վաղվա մասին մեր պատկերացումներն արդեն հին են

flkj.thumb

Եր՞բ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել։ Դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը և շարունակում է կառավարել։ Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։

Մենք մեզ երբևէ հարց տվե՞լ ենք՝ ինչո՞ւ 17 –ի դաշինք, և ոչ, ասենք, 9-ի կամ 32-ի։ Այսինքն՝ ով այդ պահին կուսակցության կնիքը գրպանում ներկա է եղել ինչ-որ մի վայրում, այս պատմական կրիտիկական պահին կարող է ընդդիմադիր դաշինք կազմել և զբաղվել հայրենիքի փրկությամբ։

Նույնիսկ բայրաքթարը մեզ չբացատրեց, որ կուսակցությունն առաջին հերթին միտքն է, և ոչ՝ կնիքը, որի տերը ճիշտ պահին հագնում է պահարանից կախված կոստյումը, փողկապը, նստում սեղանի շուրջ ու փորձում հանրությանը բացատրել այն, ինչն ինքն էլ չի հասկանում։

17-ի, 9-ի, 32-ի, 48-ի մեջ ոչ մի տարբերություն չկա և չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք հասկացել, որ  մեր երկիրը լուրջ գաղափարների, տեսլականների, քաղաքական մտքի կարիք ունի։

17-ի ֆորմատում կա երկու-երեք գործիչ, որոնք  լավ հասկանում են այս ամենը։ Երկրին պետք է են նոր քաղաքական հոսանքներ, նոր պատկերացումներ, խորքային մոդեռնիզացիայի նոր ծրագրեր։

Հին են ոչ միայն մեր պատկերացումները այսօրվա մասին, այլև՝ վաղվա։ Մենք անհուսորեն հետ ենք մնում։
Այդ պատճառով էլ բանակցում ենք կես մարդով, իսկ մեր տարածքային ամբողջականության մասին խոսում է Իրանի արտգործնախարարը։

Հայաստանում ամենակարևոր ներդրման տեղը նոր քաղաքական-հասարակական հոսանքներն են, որոնք պետք է ունենան մի քանի ելակետ՝ բացառել սուտը, լինել առաջադիմական, ի վիճակի լինել Հայաստանի համար մշակելու ռազմավարական նախագծեր, ունենան Հայաստանի ոլորտային զարգացման ծրագրեր,  համահայկական տեսլականներ։

Ընդամենը ամիսներ առաջ Հադրութից մինչև Տորոնտո հայկական աշխարհն ուներ միասնական իդեաներ, միասնական խնդիրներ։ Այլ հարց է՝ լա՞վ էինք աշխատում, թե՞ վատ։ Հիմա այդպիսիք չկան, և արհեստական իդեաներ հնարել հնարավոր չէ։ Հիմա մենք ընդանրապես ոչ մի միավորող գաղափար չունենք։ Իսկ հաշվի առնելով մեր գենետիկ հակվածությանը արտագնա կյանքին՝ հեռանկարը հաշվարկելը դժվար չէ։ Հեռանկարը՝ չաշխատելու դեպքում։

Նոր քաղաքական հոսանքները մի քանի խումբ հարցերի շուրջ պետք է ձևավորվեն. ինչպե՞ս ունենալ կայուն երկարատև խաղաղություն, ինչպե՞ս լինել ավելի 21-րդ դարի պետություն՝ առաջ անցնելով հարևաններից, ի՞նչ ընդհանուր գաղափարներով միավորել հայկական աշխարհը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ