23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԳՇ սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ․ Տոնոյան. Մեդիամաքս

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսին՝ անդրադառնալով պատերազմից առաջ իր հայտարարություններին, պատերազմի ընթացքին ու պարտության պատճառներին։

Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով։

– Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝  նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար:

– Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունն արձագանք էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արցախյան խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարություններին, որոնք «հիմնավորվում էին» բանակցությունների անարդյունավետությամբ:

Որքան էլ պնդեն Ալիեւը եւ հայաստանյան քաղաքական որոշ գործիչներ, այդ հայտարարությունը բանակցությունների ձախողման եւ պատերազմի վերսկսման առիթ հանդիսանալ չէր կարող։ Նույն տրամաբանությամբ՝ պատերազմ կարող էր սկսվել ամեն օր, քանի որ Ադրբեջանի ղեկավարները մշտապես խոսում էին խնդրի ռազմական լուծման մասին։ Ավելին, տասնամյակներ շարունակ աշխարհում «չեն նկատում» Ալիեւի այն հայտարարությունները, որ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք է»:

Պետք է հստակ ամրագրել, որ հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումից հրաժարված կողմը Ադրբեջանն էր։ Բանակցային գործընթացի խաթարման եւ պատերազմի նախաձեռնողը Իլհամ Ալիեւն էր ու նրան հրահրած եւ բազմակողմանի աջակցություն ցուցաբերած Թուրքիան:

Իմ խորին համոզմամբ, 1994 թվականից հետո հայկական զինված ուժերի կողմից զբաղեցրած աշխարհագրական բնագծերի պայմաններում ամրաշինությունը, առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպումը եւ սպառազինումը ժամանակակից սպառազինությամբ եւ տեխնիկայով երկարաժամկետ առումով չէին լուծում արցախահայության անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման գերխնդիրը։

Ո՞րն էր վերոհիշյալ բնագծերով սահմանազատված տարածքների պահպանման վերջնանպատակը՝ պատմական արդարության վերականգնո՞ւմը, արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովո՞ւմը, տնտեսական զարգացո՞ւմը, թե՞ Արցախի միջազգայնորեն ճանաչված  կարգավիճակի դիմաց տարածքների վերադարձման վերաբերյալ վարվող բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։

Վստահաբար՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը, ոչ էլ երրորդը։ Երկարաժամկետ եւ կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով եւ հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։

Ուստի, 26 տարի վարվող պաշտպանական եւ արտաքին քաղաքականության շրջանակներում՝ առկա սոցիալական եւ ժողովրդագրատնտեսական հնարավորությունների սահմաններում ոչ պատերազմական պայմաններում ապահովվել է չորրորդը՝ հայկական կողմի համար «շահեկան» կարգավորման գործընթացի շարունակականությունը։

– Դուք ասել էիք, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք: Մասնավորապես, ասել էիք, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

– Այո, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի 2018թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

Պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:

Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։

Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։

Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

 – Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ 2020թ. հունիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ «այլեւս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլեւ Թուրքիան: Հետեւաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, եւ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումն Անվտանգության խորհրդի այդ նիստում:

– Նիստում զեկուցվել է ՊՆ եւ ԳՇ համակարգված եւ համաձայնեցված մոտեցումը։

– Օնիկ Գասպարյանը նաեւ ասել է, որ պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը:

– Պաշտպանության նախարարությունը եւ Զինված ուժերը անկեղծ եւ անձնազոհաբար արել են ավելին, քան հնարավոր էր՝ հանուն հաղթանակի։ Իսկ Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ։

 – Ո՞րն եք համարում Ձեր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում:

– Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ