Նիկոլը հիմար է, պետական մտածողություն չունի, դավաճան է․ ընտրեք, որն ուզում եք․ Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիներին
Մինչեւ վերջերս Հայաստանը թեեւ ուներ ներքին կյանքում բազմաթիվ թերություններ, բայց հարգված պետություն էր: Իսկ հունվարի 11-ին տեսա՞ք, ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին: Դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ: 1000 տարի, որ մենք անընդհատ կորցրել ենք, ոչ մեկը պատասխան չի տվել: Թալեաթին, էնվերին մենք խփեցինք, բայց ո՞ր մի հայն է պատասխան տվել իր արածների համար»,-այս մասին հայտարարեց Վազգեն Մանուկյանը գյումրեցիների հետ հանդիպմանը։
Մանուկյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն իր վերջին հարցազրույցում ասաց, որ երբ 2018-ին իշխանությունը ՀՀ-ում փոխվեց, սեղանին դրված էր հետեւյալ փաստաթուղթը. Մենք վերադարձնում ենք 5 տարածքները, Արցախը առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Լաչինն ու Քելբաջարը մնում են այն վիճակում, ինչը կար, բացվում են բոլոր ճանապարհները, եւ ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեով որոշվում է Արցախի կարգավիճակը՝ կլինի անկա՞խ, թե կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ. այդ ամենից հետո նոր քննարկվում է Լաչինի ու Քելբաջարի հարցը։ Դեռ պատերազմի ժամանակ մտածել են, որ այդ տարածքները կտանք Արցախի անկախության ճանաչման դիմաց:
«Սա էլ բավականին նորմալ տարբերակ է, մենք մաքսիմումն էինք ուզում: Ալիեւի համար անկախություն ճանաչելը մահացու էր, եթե նա ճանաչեր, նույն օրը իշխանությունը կկորցներ: նորմալ ղեկավարը պետք է դիմեր ժողովրդին ասեր՝ ունենք երկու տարբերակ, կամ ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի: Դա նորմալ մարդը կասեր: Ինչ արեց Փաշինյանը. Նա բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը թող որոշի ինչ անի, Արցախն ինձ չի ընտրել: Հետո ասաց, «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից,-ասաց նա:
-Այս 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործ հարուցել. «Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին «ՍՈւ» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին»,-ասաց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դավաճան է: Ընտրեք, որն ուզում եք»:
Նա ընդգծեց, որ եթե պատերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դավաճան ասե՞ն: Էդ նույն հողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կոտորեցիր, հիմա դավաճան չե՞ս:
Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա: