Մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլը դեռևս զբաղեցնում է վարչապետի կաբինետը, այլ ոչ թե քննչական մեկուսարանը. Արտակ Զաքարյան
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր մարդիկ ենք մենք։ Ամերիկայի խառնաշփոթով այնպես ենք տարվել, որ կարելի է մտածել, մեզ մոտ ամեն բան կարգին է։ ԱՄՆ-ը և մյուսները, առանց մեզ էլ իրենց հարցերը կլուծեն։
Շատ մոտ ապագայում, մեր տարածաշրջանում բախտորոշ իրադարձություններ են տեղի ունենալու, որից երկիրն անվնաս, նույնիսկ որոշ առումով շահեկան դուրս բերելու համար, մեզ նորմալ կառավարություն է պետք։
Մենք հիմա մի գերխնդիր ունենք. ամեն գնով փոխել Նիկոլին ու իր այլանդակված կառավարությանը, որը ձեռնտու է միայն ադրբեջանին։
Այլ հարցերի, մանր-մունր ներքաղաքական ինտրիգների, Նիկոլի համար իշխանություն ձգձգող մանևրների ժամանակ մենք չունենք։ Որովհետև՝ Նիկոլի հետ, Հայաստանն ամբողջովին տրորված և ուժաքամված է լինելու։ Սա ենթադրություն չէ, սա մեր աչքի առաջ, քայլ առ քայլ, ամեն օր տեղի ունեցող փաստեր են։ Լրջանալ ու վճռական գործի անցնել է պետք։
Վստահ եմ, որ եթե ընդդիմությունը մի քանի հստակ գործողություններով հանդես գա, հազարավոր մարդիկ ինքնաբուխ միանալու են Հայաստանը փրկելու (բառիս բուն իմաստով փրկելու) գործին։
Նիկոլին պետք է ասել. «…դու Հայաստանին պետք չես, Հայաստանը քո կարիքը չունի։ Բոլոր հնարավոր վնասները մեր երկրին արդեն հասցրել ես, և մենք չենք ցանկանում վերջնականապես կործանվել։ Մենք սխալվել ենք, որ քեզ հավատացել ենք, և պատրաստ ենք, գոնե հիմա ուղղել մեր սխալը»։
Նիկոլի իշխանության գալու (զավթելու) հարցում շատերս ունենք մեր սխալները. մասնավորապես՝ թույլ տվողները, աջակցողները, հավատացողները, քվեարկողները, գովաբանողները, համագործակցողները և այլն։ Բայց կյանքում յուրաքանչյուր սխալ ունի ուղղվելու հնարավորություն, քանի դեռ ուշ չէ։
Խայտառակ կապիտուլյացիայից ու Արցախի մեծ մասը ծախելուց հետո, շատ մեծ է հավանականությունը, որ Նիկոլը մեզ ներքաշելու է նոր ռեգիոնալ պատերազմի մեջ։ Դա այսօր արդեն երևում է շատ պարզ։
Կամ, որպես կապիտուլացված ղեկավար, պետք է հանձնի ամբողջ Սյունիքը, կամ Հայաստանը շատ մոտ ապագայում պատերազմելու է Սյունիքի համար։ Այս ամենից խուսափելու միակ ձևը՝ կապիտուլացվաց և ադրբեջանին հպատակված Նիկոլից օր առաջ ազատվելն է։
Այլապես, երբ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն, այլևս գոյություն չունենա, Նիկոլն ինքն է հրաժարական տալու, և քմծիծաղով հեռանա՝ թքած ունենալով յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու» գոյության վրա։
Ցավն այն է, որ մեր Ազգի մեծ մասը շատ լավ հասկանում է այս պարզ ճշմարտությունը, բայց ամեն մեկը մի պատճառ գտնում է պայքարի դուրս չգալու համար։
Մեկին նախկինները դուր չեն գալիս, մյուսին՝ միտինգի ելույթները, երրորդին՝ թեկնածուները, չորորդին՝ եղանակը, հինգերորդին՝ միտինգի բեմում կանգնածներից ոմանք և այլն։ Այս մտածելակերպը փակուղի է, որից տուժելու ենք բոլորս՝ մեկ առ մեկ։
Նիկոլը հասցրել է ցույց տալ, որ ամենավախկոտ կերպարներից է, որը սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ամեն ինչի։ Եթե մի երկրի ղեկավար, սեփական վախերի դիմաց պատրաստ է հողեր հանձնել, այդ ղեկավարից վաղուց պետք է ազատված լինեինք։
Մեր բոլորի ամոթն ու խայտառակությունն է, որ 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Նիկոլը դեռևս զբաղեցնում է վարչապետի կաբինետը, այլ ոչ թե քննչական մեկուսարանը»։