Հայ քաղաքական դաշտի “աշուն-ձմեռ հավաքածուն” արդեն վաճառքում է. Կարեն Ավագյան
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթը հայտարարությունների ժամին.
Հայ քաղաքական դաշտի “աշուն-ձմեռ հավաքածուն” արդեն վաճառքում է. ամենամոդայիկը իշխանափոխության դիմակներն են: Դրանք նախատեսված են նախկին ոչ իշխանականների եւ եռյակներով հանդես եկողների համար:
Հայ քաղաքական դաշտում իրեն ժամանակ առ ժամանակ հիշեցնող ոչ իշխանական եռյակը իշխանափոխության դիմակների ամենաակտիվ սպառողն է: Այնինչ քաղաքականությունը հստակություն է սիրում, մանեւրելու դեպքում էլ գնահատվում է դիվանագիտությունն ու մտքի ճկունությունը, ոչ թե դիմակը:
Իշխանափոխության պահանջները հնչեցվում են միայն հրապարակներում, այնինչ քաղաքական գործընթացներին ընդդիմությունը ջանք էլ չի գործադրում մասնակից դառնալ։
Մասնավորապես, օրերս 13 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում եռյակի անդամ ուժերից ընդամենը 1 համայնքում են առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։ Զարմացնում է իշխանության ձգտող եռյակի քաղաքական պասիվությունը տեղական ընտրություններում։ Եթե պայքար է, տրամաբանական պետք է լինի պայքարը բոլոր մակարդակներում։ Թե չէ ժամանակ առ ժամանակ հանրահավաքներով սպառնալը մի տեսակ աչքակապության նման բան է ստացվում։ Եթե ռեսուրս չունեք տեղական մակարդակներում, համապետական ի՞նչ նկրտումների մասին կարող է խոսք լինել։
Ձեր խոստացած, այսպես կոչված, աշխարհացունց հանրահավաքից շաբաթներ անց կարելի է սթափ վերլուծել այն։ Աննպատակ, ոչինչ չասող, անորոշ հավաք, որտեղ չկար համաձայնեցում, միասնականություն։ Հակառակը՝ ակներեւ էր ուժերի նպատակների միջեւ տարաձայնությունը։ Երբ չկա օրակարգ, ու չգիտես գործողությունների ուղղությունը, կազմակերպչական ռեսուրս ծախսելու իմաստը ո՞րն է։ Օլիգարխիկ բաղադրիչը բավարար չէ քաղաքական հայտ ներկայացնելու համար։
Գիտե՞ք՝ որն է ձեր պրոբլեմը։ Ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը միավորվում են գաղափարի շուրջ, դուք որոնում եք տանիքներ ու հենարաններ, հետո միայն մտածում գաղափարի մասին, էն էլ չեք գտնում։
Իշխանափոխության պահանջը հնչեցվել է, բայց այն մնացել է օդից կախված, քանի որ եռյակը, որն արդեն վաղուց դադարել է հրաշալի կոչվելուց, ինքն էլ չգիտի՝ ինչ է հասկանում իշխանափոխություն ասելով: Դրա համար էլ իշխանափոխության կոչերն ազդեցիկ չեն ոչ միայն հասարակության, այլեւ հենց մեր` իշխանության համար:
Թվում էր, թե իշխանափոխության կոչերից պետք է տեղներս չգտնեինք, պլան “ա” ու պլան “բ” մշակեինք, բայց արի ու տես, որ իշխանափոխության կոչերն անգամ չեն հասնում մեր ականջին: Նորաձեւության պես կգան, կանցնեն ու կգնան:
Բայց ժողովրդին հերթական անգամ հիասթափեցնելն ու մոլորեցնելն արդեն անհետեւանք չի մնա: