Իմ տարիքն ինձ բավականացնում է. ՄԻՊ-ը` ՀՀԿ-ին
‘’Անում ենք աշխատանք, պաշտպանում ենք շատերի իրավունքը, ուզում ենք դա անել ավելի լավ ու ավելի շատ’’,-Ազգային ժողովում ՄԻՊ զեկույցի քննարկման վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ աջակցություն է ստանում ինչպես հայ առաքելական եկեղեցուց, այնպես էլ միջազգային կառույցներից, սակայն ոչ այլ` համասեռամոլության արժեքները գովաբանելու համար: Նա շեշտեց, որ շատ հարցերում առաջընթաց կա, սակայն դա չի բավարարում ներկաներից և որևէ մեկին:
‘’Դրա համար է, որ մեր ինստիտուտն եկել է այստեղ ու խնդրում է պաշտպանություն, սակայն պաշտպանություն Կարեն Անդրեասյանը չունի ոչ մեկից` ներկաներից կամ այլ անձանցից, ես դա չեմ խնդրել, պաշտպանություն ունի օմբուդսմենի ինստիտուտը, և դա շահերի պաշտպանություն է նշանակում’’: Արձագանքելով պատգամավորների տեսակետներին, թե քիչ աշխատանք է կատարվել` Անդրեասյանն ասաց, որ ՄԻՊ-ը մեկն է, և խնդիրները, ոլորտները որոնք տրված են իրեն, տասնյակներ են: ”Եթե որևէ կառույց կամ պատգամավոր իր ամբիցիայից ցածր է տեսնում համագործակցել ոչ թե անձամբ իմ հետ այլ իմ տեղակալի, խորհրդականի, մեր աշխատակազմի հետ, առանց վրդովվելու հայտնեք, ես կփոխեմ իմ օրակարգը ու կգամ այնտեղ, ես ամեն տեղ ներկայանում եմ իմ աշխատակազմով”,-շեշտեց նա:
ՄԻՊ-ը նաև հայտարարեց, թե այստեղ անձնական հարձակման ձևով ուզում էին վնասել ՄԻՊ-ի ինստիտուտին: ”Ես այստեղ բարձրացնում եմ խնդիրներ, որոնք փորձում ենք լուծել, կային մարդիկ, ովքեր փոխում են իմ խոսքի որոշակի տրամաբանությունը, և որպեսզի թյուրիմացություն չստեղծվի, ես կրկնեմ: Իմ կողմից մեղադրանք չի եղել և չի կարող լինել, որովհետև մարդու իարվունքների պաշտպանը չի մեղադրում, այլ պաշտպանում է, նույնիսկ եթե պետք է լինում ԱԺ-ին կամ պատգամավորներին”:
Արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, թե Անդրեասյանը ամբիցիաներից ելնելով է որոշակի հայտարարություններ անում, և երիտասարդ լինելով է դա պայմանավորված` ասաց. ”Իմ տարիքն ինձ բավականացնում է անելու իմ աշխատանքը պատշաճ, շատ մարդիկ կան, որ ավելի մեծահասակ են, երիտասարդ, սակայն չեն օգնում մարդու իրավունքների պաշտպանությանը, իսկ ես իմ տարիքով բավական հաջող անում եմ դա ու ուզում եմ անել ավելի հաջող”: