Ավագ դպրոցի աշակերտները փաստաբանների պալատում էին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ հյուրանկալվել էին ԵՊԲՀ “Հերացի” ավագ դպրոցի հումանիտար հոսքի աշակերտները:
Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է մասնագիտական կողմնորոշմանը նպաստելուն աշնանային եւ գարնանային արձակուրդների ընթացքում: Թվով 20 աշակերտներ հանդիպեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին եւ ՓՊ աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին:
Պալատի նախագահը սեփական փորձով աշակերտներին է ներկայացրել փաստաբանի աշխատանքը: Արա Զոհրաբյանը աշակերտների հետ քննարկել է փաստաբանի կերպարի մասին նրանց պատկերացումները եւ կարեւորել, որ գիտելիք կուտակելով է, որ քաղաքացին կարող է հարթել սեփական ճանապարհը:
“Հերացի” ավագ դպրոցի աշակերտները շրջել են պալատով: Նրանց ընդունել է նաեւ Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ներկայացրել է նրանց դպրոցի աշխատանքները, ուսուցման մեթոդները: Այնուհետեւ Հանրային պաշտպանի գրասենյակում երեխաները ծանոթացել են փաստաբանների իրականացվող աշխատանքներին:
Աշակերտները հոկտեմբերի 20-24-ը օրական 1-2 ժամով պրակտիկա կանցնեն ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում: