Սեյրան Օհանյանի անակնկալ այցը
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ այլք:
Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ստուգել է զորամասի կիրակնօրյա հատուկ օրակարգը եւ ընդհանուր առմամբ` ծանոթացել ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաեւ պահակային ծառայության կազմակերպումը, տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:
Ստուգայցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների եւ զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը նախաճաշել է զինվորների հետ, հետաքրքրվել, թե գոհ են արդյոք զինծառայողները հատկացվող սննդի որակից, տեսականիից եւ սահմանված չափաբաժիններից:
Սեյրան Օհանյանը մասնակցել է նաեւ զորամասում կազմակերպված բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված կիրակնօրյա միջոցառմանը: Պաշտպանության նախարարն անձնակազմին է ներկայացրել զինված ուժերի հաջողությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, շնորհակալություն է հայտնել բարեխղիճ ու անձնվեր ծառայության համար, օրինակելի վարքի եւ ծառայության համար պարգեւատրել մի շարք սպաների եւ զինվորների:
Զորամաս կատարած շրջայցից հետո պաշտպանության նախարարը եղել է հարավարեւելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Նույն օրը պաշտպանության նախարարը եղել է նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայքնում, զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել է նրանց խնդիրներին եւ պատասխանել հուզող հարցերին: