ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրենին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլլիարդին:
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել USAID առաքելությանը Հայաստանում ծավալած գործունեության և մասնավորապես Բնապահպանության նախարարության հետ համագործակցության և աջակցության համար: Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և մասնավորապես` Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ USAID-ի կողմից արդեն իսկ իրականացրած ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք լավագույն հիմքը կդառնան առաջիկա համագործակցության համար ևս:
Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման, ՀՀ 6 ջրավազանների կառավարման պլանների մշակման և ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերը:
Արամայիս Գրիգորյանն առաջ է քաշել նաև հիդրոմոնիթորինգի իրականացման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, ինչին ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենը:
Տիկին Քարեն Հիլլիարդը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից մեկն է, ում հետ USAID-ը պատրաստակամ է համագործակցելու և աջակցելու երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում:
Կողմերը ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ և պլանավորել առաջիկայում փորձագետների մակարդակով առավել հանգամանալից քննարկել համագործակցության մանրամասները: