26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մատուռ տեղափոխելը նույնն է ինչ մատուռը քանդելը. նման դեպքերում Աստծո պատիժը չի ուշանում. Քահանան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մատուռի տեղափոխման մասին

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի Սուրբ Աստվածածին մատուռը հիվանդանոցի տնօրինության որոշմամբ հիվանդանոցի ներսից պետք է տեղափոխվի դուրս՝ հիվանդանոցին հարակից տարածք: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սուրբ Աստվածածին մատուռի հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:

Մատուռի տեղափոխումը անսպասելի է եղել քահանայի համար։ Վերջինիս խոսքով՝ իրեն ոչ ոք նախապես այդ մասին տեղյակ չի պահել: Ասաց, որ մատուռը փակվել էր համաճարակային իրավիճակի պատճառով։ Վարակի տարածման կանխարգելման նպատակով մարդկանց մուտքն այնտեղ սահմանափակելու համար: Քահանայի պնդմամբ՝ ինքը մատուռի տեղափոխման մասին իմացել է դեկտեմբերի 9-ին, երբ հերթական անգամ զանգահարել է հիվանդանոց հասկանալու համար՝ արդյո՞ք համավարակային իրավիճակը թույլ է տալիս կրկին բացել մատուռը:

«Երբ զանգահարեցի, իրենք ասացին, որ հիվանդանոցում ընդհանուր վերանորոգություն է տեղի ունենում, ինչի արդյունքում նախատեսել են մատուռը տեղափոխել: Երբ գնացի հիվանդանոց, տեսա, որ մատուռի իրերը իջեցրել են, տուփերի մեջ են տեղավորել, իսկ հաջորդ օրն արդեն տեղափոխել են պոլիկլինիկայի մատուռ»,-պատմեց Տեր Աշոտը:

131486742_3697018920359931_2750326070108116597_n

«Մատուռը սրբավայր է, նույնիսկ եթե թշնամին որոշում է, որ սրբավայրը պետք է փակվի, ասում է՝ եկեք սրբավայրին հրաժեշտ տվեք, իսկ հիմա ստացվում է, որ մատուռը կամայական փակում են, գույքը տեղափոխում են և ասում են, որ գուցե մատուռի համար մեզ ուրիշ տեղ տան»։

Մատուռի համար առաջարկվող տարածքը գտնվում է հիվանդանոցից դուրս, ինչը բնականաբար չի ծառայի իր նպատալին․ «Մեր նպատակը այն չէ, որ մատուռը տեսանելի վայր տարվի: Ինչպե՞ս կարող է մատուռը տեղակայվել մի վայրում, որի վերևում ոչ թե խաչ է, այլ մեքենաներ են գնում գալիս, կամ մի վայրում, որտեղ արգելում են մատուռի համար խաչով դուռ դնել: Նման որոշում կայացնելուց առաջ նախ պետք էր դիմել Արարատյան Հայրապետական թեմին և տեղյակ պահել: Ժամանակ պետք է տային քահանային, որպեսզի հասկանային՝ այս հարցը ինչպես է լուծվում»:

Դիտարկմանը, որ ԲԿ-ի մամուլի խոսնակը ասել է, թե քահանային նախօրոք տեղյակ են պահել մատուռի տեղափոխման մասին, Տեր Աշոտը հերքեց, ասելով, որ եթե ինքը չզանգեր, այդպես էլ չէր իմանա կատարվածի մասին: Քահանան հավելեց նաև, որ ԲԿ-ի պնդումը, թե մատուռը աշխատող չունի, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մատուռն ունի գրանցված աշխատող, ինչը Արարատյան Հայրապետական թեմից կարող են հաստատել:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը քննարկե՞լ են հիվանդանոցի տնօրենի հետ, քահանան պատասխանեց, որ իր գործունեության մեկուսկես տարվա ընթացքում առաջին անգամ կարողացել է խոսել ԲԿ-ի տնօրենի հետ այս թեմայի շուրջ, վերջինիս հետ զրույցից պարզ է, որ տնօրենը միտված է մատուռը հանել հիվանդանոցի տարածքից:

131076823_1025436977954039_1367003014953735959_n

Տեր Աշոտին ավելի շատ վրդովվեցրել է այն  փաստը, որ որոշում կայացնողները չեն գիտակցում մատուռի կարևորությունը. «Մեզ համար անընդունելի է մատուռ տեղափոխել արտահայտությունը: Մատուռ, որ գործել է քսանյոթ տարի շարունակ: Սա կխաթարի հիվանդների հոգևոր կապը Աստծո հետ: Մեզ համար կարևոր է, որ մատուռը հասանելի լինի հիվանդներին, որ թույլ ոտքերով հիվանդը կարողանա մի քանի քայլից մատուռ հասնել»,-ասաց քահանան և ընդգծեց՝ իրենք վճռական են այս հարցում և գնալու են մինչև վերջ, որպեսզի մատուռը մնա հիվանդանոցում՝ շարունակելով ծառայել նպատակին՝ հիվանդներին։

«Ես կարծում եմ՝ մեր առաքելությունը այս անօրեն քայլը տեսնելն ու բարձրաձայնելն է: Մենք պետք է հասկանանք, որ սա իրար հակադրվելու հարց չէ, մարդը նախևառաջ պետք է Աստծո պատժից զգուշանա: Նման դեպքերում Աստծո պատիժը չի ուշանում. մատուռ տեղափոխելը նույնն է ինչ մատուռը քանդելը»,-եզրափակեց Տեր Աշոտ Քահանա Սաֆարյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ