Անցակետ չի տեղադրվելու և վերջ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային անցակետ չի տեղադրվելու: “Հայաստանի և Արցախի միջև սահմանային անցակետ չի դրվելու: Ես ավել բան չգիտեմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Պատգամավորը հայտնեց, որ կուսակցությունում քննարկում է եղել, և եզրահանգման են եկել հենց այդ հարցի շուրջ, որ մաքսակետ չի տեղադրվելու:
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, որ որոշակի փոխզիջումների են եկել, ապա Մ. Մինասյանը նշեց, որ դրանց մասին տեղեկություններ չունի, և այդ հարցը կուսակցությունում չի քննարկվել:
Դիտարկմանը, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ը ևս տնտեսական աճ չի ունենա, ՀՀԿ պատգամավորն արձագանքեց. “Ռուսաստանը մեծ շուկա է, և այդ բացասական տենդենցներից մենք պետք է կարողանանք օգուտ քաղել: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի նման գերտերությունը պլանավորում է 2 տոկոս ՀՆԱ-ի աճ, ինչը խոսում է այն մասին, որ աշխարհում ճգնաժամը դեռ վերջնական չի ավարտվել, իսկ Ռուսաստանը մեծ շուկա է: ԵՏՄ-ի անդամակցման պարագայում կլինեն ապրանքատեսակներ, որոնք մաքսային տուրքի առումով` ավելի մեղմ դաշտում կգտնվեն:
Պայմանավորվածություն կա, որ առնվազն 5 տարով այդ ապրանքների մաքսատուրքը չի բարձրանալու: Այս առումով շատ կարևոր է այն, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ինչպես սփյուռքի մեր հայրենակիցների, այնպես էլ ԱՊՀ երկրներում գործող տնտեսական կառույցների, արևմտյան երկրների միջև”: