Օմբուդսմենի գրասենյակում քննարկվել է հղիներին տրամադրվող նպաստի կրճատում նախատեսող օրինագիծը
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ Պաշտպանի գրասենյակում անցկացվեց քննարկում՝ հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ չնայած նրան, որ օրինագծով չաշխատող մայրերը նույնպես ստանալու են հղիության եւ ծննդաբերության նպաստ, սակայն փոխարենը կրճատվելու է աշխատող մայրերի հղիության եւ ծննդաբերության նպաստը: Կառավարությունն արդեն հաստատել է օրինագիծը, սակայն այն դեռ չի քննարկվել Ազգային ժողովում:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը, գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ կանանց իրավապաշտպան ՀԿ-ներից՝ «Հասարակություն առանց բռնության», Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց իրավունքների կենտրոն, Երեւանի պետական համալսարանի գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոն:
Պաշտպանի աշխատակազմի կատարած ուսումնասիրությունից պարզվել է, որ օրինագիծը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում կարող է հանգեցնել կանանց աշխատանքային, սոցիալական եւ այլ իրավունքների սահմանափակման:
Կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն հայտնեցին, որ օրինագիծը կհանգեցնի ծնելիության նվազման եւ պետության սոցիալական քաղաքականության կրճատման: Առաջիկայում Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ համատեղ կմշակի օրենսդրական առաջարկներ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնելու համար:
Հանդիպման մասնակիցները նաեւ մտահոգություն հայտնեցին այն առիթով, որ օրինագիծը մշակելիս չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ, ինչպես նաեւ այն չի ներկայացվել Պաշտպանին կարծիքի՝ ի խախտումն Նախագահի հրամանագրի:
Պաշտպանի աշխատակազմ