Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀԲ գործադիր կառավարչի եւ ՀԲ փոխնախագահի հետ
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի եւ ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ:
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը եւ նշել, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարեւոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչեւ բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում եւ իրականացում: “Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը եւ տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի եւ ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետեւողականորեն զարգացնելով տնտեսությունը եւ նվազեցնելով աղքատությունը:
ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարեւորելով փոխգործակցության շարունակականությունը, նշել է. “Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, եւ մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ”:
ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է. “Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին եւ օգնելու է առաջ մղել բարեփոխումները”:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս: