23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Չկա այնտեղ որևէ հոգեմետ դեղ, եթե իրենք չեն գցել մեջը»․ ինչու գերմանահայերի՝ զինվորներին ուղղած օգնությունը Լոռու մարզպետի նկուղներից չի շարժվում

Պատերազմի օրերին Գերմանիայից Հայաստան 2,5 տոննա մարդասիրական օգնություն ուղարկած հայազգի Անի Մարկուն անձամբ է եկել Լոռու մարզ, որպեսզի տեսնի, թե ինչու իրենց ուղարկած օգնությունը տեղ չի հասել։ «Մարզպետը նկուղում է պահել այդ բեռն ու չի ուղարկել։ Ես ինքս 4-5 օր առաջ Լոռու մարզում էի, իմ աչքով տեսա, որ իրերը մեծ մասը դեռ չի ուղարկել, արկղերի վրա ճանաչեցի իմ ձեռագիրը։ Ես շոկի մեջ դուրս եկա այնտեղից։ Ապրանքները հոկտեմբերի 4-ից արդեն եղել են նկուղում»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված հարցազրույցում պատմեց Անի Մարկուն։

Բժիշկ-կոսմետոլոգ Անին նշում է, որ Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցների նպատակն է եղել օր առաջ օգնությունը հասցնել մեր զինվորներին և պատերազմից տեղահանված ու տուժած ընտանիքներին, սակայն Լոռու մարզպետը չի շտապել ապրանքները հասցեատիրոջը հասցնել։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր բացատրությունն ունի։ Նրա խոսքով՝ ապրանք ներկրողը ցանկացել է բեռն անձամբ վերցնել ու բաշխել, ինչն իրենք թույլ չեն տվել։ Բացի մարդասիրական օգնությունից բեռում առկա են եղել նաև այլ իրեր, որոնք նախատեսված են եղել Գերմանիայի հայերի՝ Հայաստանում ապրող ընտանիքների ու հարազատների համար։

Անի Մարկուն «Հակակոռուպցիոն բլոգ»-ին պատմեց, որ իրենք ապրանքներն ուղարկել են Արթուր Ղուկասյանին պատկանող փոխադրող ընկերության միջոցով։ Նվիրատվություններ կատարած մեր հայրենակիցները նաև անձնական իրեր են փոխանցել իրենց հարազատներին, որոնց փոխադրման համար իրենք որևէ գումար չեն վերցրել։ «Բեռն անձամբ ես եմ հավաքագրել ու փաթեթավորել և անձամբ Արթուր Ղուկասյանն է հասցրել Լոռու մարզպետարան։ Պետական մարմիններից հենց այդ մարզպետարանն է ընտրվել զուտ այն պատճառով, որ Արթուր Ղուկասյանն ինքն էլ լոռեցի է և որ գիտեր, որ այդ մարզում շատ են օգնության կարիք ունեցողները»,- ասում է Անի Մարկուն։ Նրա խոսքով՝ Արթուր Ղուկասյանը Լոռու մարզպետին հենց սկզբից տեղեկացրել է, որ բեռում առկա է նաև ոչ հումանիտար ապրանք, որը պետք է մաքսազերծվի։

«Մարզպետը չի համաձայնում, ասում է՝ ամոթ է, այսքան նվեր եք բերել, ի՞նչ մաքսազերծում։ Թուղթ է ստորագրել տալիս, որ ստացել է հումանիտար օգնությունը և պայմանավորվում են, որ ոչ հումանիտար բեռը պետք է հետ տա, սակայն այդպես էլ չի զանգում Արթուրին»։ Անի Մարկուն ստիպված է եղել անձամբ գալ Հայաստան, որպեսզի հասկանա, թե ինչու է բեռի բաշխումը խնդիրներ առաջացրել, հանդիպել է մարզպետի հետ։

«Մարզպետն ինձ ասաց, թե իբր Արթուրն իրեն չի զգուշացրել, թե կա ոչ հումանիտար բեռ, նա ինձ ասում է՝ Դուք մաքսանենգ եք, եթե այդպես է, ապա նա էլ իմ հանցակիցն է։ Եթե ես որևէ հանցավոր արարք եմ արել, թող ինձ կալանավորեն, բայց մարզպետն էլ իմ կողքին պիտի նստի, չէ՞ որ ինքն է ստացել այդ ապրանքը ու պահել նկուղում»,- ասում է Անին։ Մարզպետն այլևս չի ընդունել Անիին այն բանից հետո, երբ նա իր աչքով է տեսել, որ ուղարկված հումանիտար օգնությունը դեռ նկուղում է։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարում է, որ բեռում եղել են նաև հոգեմետ դեղեր։

Այս կապակցությամբ Անի Մարկուն «Հակակոռուպցիոն բլոգ»-ին հայտնեց․ «Նախ, առանց դեղատոմսի մենք չէինք կարող որևէ հոգեմետ դեղ գնել Գերմանիայում, երկրորդ, եթե նույնիսկ կարողանայինք գնել, Գերմանիայից այդ բեռը դուրս չէր գա և հաստատ չէր հասնի Հայաստան։ Եթե իրենք չեն գցել մեջը, չեն սարքել մեր գլխին, ես միանշանակ ասում եմ, որ չկա այնտեղ որևէ հոգեմետ դեղ։ Ինքս եմ իմ ձեռքերով փաթեթավորել, դեղերը ստուգել եմ, որը չեմ հասկացել, թե ինչ է, google եմ արել, կարդացել այդ մասին ու նոր փաթեթավորել»։  

ՀԳ – «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ահազանգ ստանալով, որ զինվորների համար նախատեսված բեռն ամբողջությամբ չի ուղարկվել սահման, ուղևորվել է Լոռու մարզ՝ տեղում պարզաբանելու իրավիճակը։  

Աղբյուրը՝ acblog.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ