Իշխանությունների վերջնաժամկետը հոկտեմբերի 24-ն է /վիդեո/
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եռյակի նիստից հետո լրագրողներին ասաց, որ Ոչ իշխանական քառյակը հանդես է գալիս միասնական օրակարգով
Հիշեցնենք, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Եռյակը միասնական օրակարգ չունի: “Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին”,-ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լեւոն Զուրաբյանի խոսքով, իրենք իշխանություններից ոչ մի ակնկալիք չունեն: “Մենք մեր անելիքը գիտենք եւ գիտենք, թե ինչ գործընթացով ենք գնալու: Իշխանությունը, եթե ասելիք ունի, նա ունի մի փոքր ժամանակ՝ իր ասելիքն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Մենք ոչ մի ակնկալիք չունենք: Տեր-Պետրոսյանի խոսքի մեջ ոչ սպասելիքի մասին է խոսվել, ոչ էլ ակնկալիքի, այլ ընդամենը խոսվել է նրա մասին, որ իշխանությունն ունի ինչ-որ ժամանակ՝ հանդես գալու առաջարկներով: Կետ առաջին՝ իշխանությունը սպառված է, կետ երկրորդ՝ պետք է Հայաստանում ձեւավորել մի իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջեւ դրված խնդիրները: Եթե իշխանությունը, ելնելով այս երկու ելակետից, ունենա առաջարկներ, մենք կարող ենք լսել: Բայց դա ենթադրում է, որ այդ առաջարկությունները չեն կարող կապված լինել իշխանությունների վերարտադրման կամ գոյատեւման հետ: Կարող են վերաբերել նրան, թե ինչպես պետք է մենք կազմակերպենք անցնցում գործընթացը”ՙ-ասաց նա:
Լրագրողների այն դիտարկմանը եթե իշխանություններն անցնցում չհեռանա՝ն ինչ է անելու Եռյակը՝ Զուրաբյանը պատասխանեց. “Ինչո՞ւ եք առաջ ընկնում: Դուք սկզբում կենտրոնացեք անցնցում անցման հնարավորության վրա: Դուք միանգամից մտնում եք ծայրահեղ, անմեղսունակության վարկածի մեջ: Ինչո՞ւ եք քննարկում էն վարկածը, որ իշխանություններն անմեղսունակ են”:
Մանրամասները` տեսանյութում: