Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում հույն որոշ պատգամավորների պահվածքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որոնք նրա բնորոշմամբ՝ փորձում են ստվեր գցել հայ-հունական եղբայրական հարաբերությունների վրա: Գեորգիոս Կոնստանտոպուլոսն իր հերթին նշել է, որ չի կիսում այդ պատգամավորների կարծիքը՝ կարեւորելով խորհրդարանական վեհաժողովներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը:
Էդուարդ Շարմազանովը Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ զրույցում նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի ժխտմանը՝ ԱԺ փոխնախագահն արձանագրել է՝ Թուրքիան այսկերպ փաստում է, որ պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը:
Հանդիպմանն ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2015 թվականին Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար: