Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ:
Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում՝ մաղթելով ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդին հաջողություններ: Սերժ Սարգսյանը կարևորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ երևանյան նիստում ընդունվելիք որոշումները դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ միգրացիայով պայմանավորված խնդիրների լուծմանը երկրները միասին ավելիին կարող են հասնել:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միգրացիան բազմաթիվ գործոններով պայմանավորված բարդ երևույթ է, որի կանոնակարգումն ու կառավարումը որոշակի մասնագիտական գիտելիքներ պահանջող գիտություն է: Կոնստանտին Ռոմոդանովսկին վստահեցրել է, որ խորհուրդն արդեն երկար տարիներ բաց և անկեղծ երկխոսության մթնոլորտում մասնագիտական արդյունավետ աշխատանք է իրականացնում՝ սերտ կապեր պահպանելով նաև Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ: Նա Հանրապետության Նախագահին ներկայացրել է խորհրդի գործունեությունն ու հերթական` 16-րդ նիստի օրակարգային հարցերը, ընդգծելով, որ խորհրդի աշխատանքը նպատակաուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության համակարգմանը և առկա խնդիրների լուծմանը, մարդկանց համար ժամանման երկրում աշխատանքի և կեցության արժանապատիվ պայմանների ապահովմանը:
Կոնստանտին Ռոմոդանովսկին գոհունակությամբ է նշել, որ Հայաստանը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին և ինտեգրացիոն գործընթացներում շահագրգիռ ու կառուցողական մասնակցություն ունի: