Վեհափառը՝ հացադուլավորների կողքին։ Գեղամ Մանուկյանը և Գարիկ Ավետիսյանը դադարեցնում են հացադուլը
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ կառավարության շենքի առջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած՝ ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին ու Գարիկ Ավետիսյանին է այցելել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։ Վեհափառը հորդորել է նրանց՝ դադարեցնել հացադուլը։
Այդ կապակցությամբ Գեղամ Մանուկյանի կինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև:
«Շնորհակալություն բոլոր աջակցողներին, միասին լինենք, մեզ միայն իրար հարգելն ու սիրելը մնաց, հայեր, 100 տարի հետ ենք գնացել, պայքարը շարունակվում է, երկրի փշրանքները փրկելու պայքարը, երկրի սահմաններն անտեր չթողելու, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելու՝ ճանապարհելու ու ոչինչ չանելու դեմ պայքարը, այսօր արցախցիներ են դիմել նկարահանման խնդրանքով, սարսափեցի, երբ խնդիրների քանակը լսեցի ու թե որքան է այդ խնդիրների լուծման անորոշությունն ու անորակության աստիճանը, չունենք կառավարություն, հրապարակում հացադուլի ծայրահեղ միջոցն այսօր դադարեցվեց, 9 օր բազմաթիվ քաղաքացիների հորդորով ու ի վերջո Վեհափառի հորդորով, բայց ասացին՝ շարունակելի….»։
Այս մասին տեղեկությունը հաստատել է նաև Գեղամ Մանուկյանը՝ նշելով. «Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։
Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորկացության եւ սրտացավության համար»։