ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորում է կոոպերատիվների ստեղծումը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մասնակցել է մարզի խորհրդի նիստին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը զեկուցել է աշնանացանի գործընթացի կազմակերպման մասին: Նրա տեղեկացմամբ, ընթացիկ տարում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները կազմել են 26,261 հեկտար, 2013 թվականի 24,424 հեկտարի դիմաց, ընդ որում ցորենի ցանքատարածություններն ավելացել են 480 հեկտարով, իսկ գարու ցանքատարածությունները՝ 1272 հեկտարով։ Նա նշել է նաև, որ մարզում արդեն կատարվել է 9200 հեկտար աշնանացան, սակայն մինչև տարեվերջ այն կհասնի 12 000 հեկտարի:
«Քանի որ գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և բերքահավաքի մոտ 90 տոկոսն արդեն իրականացվել է, մենք կազմակերպում ենք հանդիպումներ մարզերում, որպեսզի քննարկենք կատարված աշխատանքներն ու լուծում տանք առկա խնդիրներին », – նշել է նախարարը:
Նախարար Սերգո Կարապետյանը մարզխորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում իրակացվող ծրագրերը և տեղեկացրել , որ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիներին մատչելի պայմաններով տրամադրվում են սերմացուներ, պարարտանյութեր, դիզելային վառելանյութ, ինչպես նաև գյուղատնտեսական վարկեր: Նախարարը հավաստիացրել է, որ այս ծրագրերը հաջորդ տարի նույնպես կշարունակվեն և հորդորել է մարզում իրականացվող աշնանացանի ծավալներն ավելացնեն:
Նախարարը կարևորել է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագիրը և նշել է, որ մանր գյուղացիական տնտեսությունների հզորացման միակ ճանապարհը միավորումների և կոոպերատիվների ստեղծումն է:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 11- ից մեկարկելու է Գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը: Նախարարը կարևորել է այս ծրագիրը և նշել է, որ այն հնարավորություն կտա պարզել գյուղատնտեսության ոլորտի իրական պատկերը:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակն է տեղեկություններ հավաքագրել գյուղատնտեսական նշանակության հողերի, կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների, մարդկային, նյութական ներուժի և դրանց օգտագործման վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանարպետությունում նշվելու է Գյուղատնտեսության աշխատողի օրը, որի առթիվ շնորհավորել է մարզի բնակիչներին և մաղթել բարեբեր տարի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին