Փաստաբաննեըը կօգնեն սիրիահայերին
Սիրիայի հակամարտության արդյունքում ավելի քան 9 մլն. մարդ է տեղահանվել երկրից, որոնց թվում մեր հայրենակիցները։ Ավելի քան 16.000 հայեր պաշտպանություն են փնտրել Հայաստանում։ Ճիշտ է Հայաստանի Հանրապետության պետական մարմինները առավել լավ պայմաններ են ապահովել սիրիահայերի համար, սակայն չեն բացառվել նրանց իրավունքների խախտման դեպքերը, ինչպես պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում։ Մամուլում լայն արձագանքներ գտան սիրիահայերի իրավունքների խախտումների դեպքերը։
Այդ դեպքերից ելնելով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը 2014 թվականի փետրվարին իր միջոցներով սկսել էր “Սիրիահայերին իրավական աջակցություն” փաստաբանական ծրագիրը։
Ծրագրով նախատեսվում էր սիրիահայերին իրավաբանական խորհրդատվությամբ ապահովել։ Ծրագրի համակարգողը ՓՊ նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանն է։
Ծրագրի շրջանակներում շուրջ 60 սիրիահայեր ապահովվել են համապատասխան բանավոր եւ գրավոր խորհրդատվություններով, այդ թվում՝ հայցադիմումներ են կազմվել եւ ներկայացվել դատարաններ։
Ծրագրի երկրորդ փուլին իր աջակցությունն է առաջարկել Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը եւ երկու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ստեղծվել է «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»։ Ձեռնարկը կազմվել է արեւմտահայերենով, արեւելահայերենով, անգլերեն եւ արաբերեն լեզուներով։ Ձեռնարկում ամփոփվել են այն հնարավոր հարցերը, որոնց կարող է առնչվել ցանկացած անձ, ով Հայաստան է ժամանել՝ ժամանակավոր կամ մշտական հիմունքներով։
Այսօր, 2014թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ փաստաբանների պալատը եւ Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել էին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկի» շնորհանդեսը:
Ելույթ ունեցան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին՝ հայտնել է, որ սիրիահայերին իրավական օգնության տրամադրումը շարունակական է լինելու: «Գաղափարի իրագործումը կատարվել է Պալատի ռեսուրսների հաշվին, իսկ երկրորդ փուլում այս գործին միացավ ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը՝ օժանդակելով ձեռնարկի հրատարակությանը»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը:
Տեղում հնչեցին հարցեր, որոնց պատասխանեց ՓՊ նախագահի ծրագրերի գծով խորհրդական Զինավոր Մեղրյանը։
Ըստ Մեղրյանի սիրիահայերի խնդիրները առնչվել են մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգերին, քաղաքացիության ստացմանը, սոցիալական իրավունքներին եւ մաքսային ու հարկային օրենսդրությանը առնչվող հարցեր:
ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը նշել է, որ ցանկանում են Փաստաբանների պալատի հետ համագործակցել փախստականների իրավունքներին առնչվող հարցերով։