Հայրենանվեր գործունեության համար
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգին անշախանդիր օգնություն ցուցաբերելու, մեծ ներդրումների, երկար տարիների հայրենանվեր գործունեության, ինչպես նաև ”Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի” կազմավորման 20-ամյակի կապակցությամբ հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Արչալջյանը պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:
Նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Րաֆֆի Արչալջյանին Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար: Ուրախ ենք, որ այստեղ եք: Անգնահատելի է Ձեր ներդրումը առողջապահական համակարգի զարգացման` մասնավորապես պատվաստանյութերի ներդրման գործընթացում ակտիվ մասնակցությունը”,-ասաց Սերգեյ Խաչատրյանը:
Րաֆֆի Արչալջյանը շնորհակալություն հայտնելով պարգևի համար` նշեց, որ ինքը, կարծես, Հայաստանի դեսպանն է աշխարհում: Նա հիշատակեց սփյուռքահայ շատ բարերարների անուններ, ովքեր տարբեր տարիների եղել են Հայաստանի կողքին` աջակցելով հայրենիքին ամենադժվարին օրերին, նպաստելով տարբեր ոլորտների զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանի հաջողություններին:
”Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամը” ստեղծվել է Րաֆֆի Արչալջյանի կողմից` ի հիշատակ 1994 թվականին ավիավթարից զոհված կնոջ և դստեր: Հիմնադրամն իր կազմավորման օրվանից օգնել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին` իրականացնելով սոցիալական և հանրային առողջապահության բնագավառի բարելավման ծրագրեր:
Իմունականխարգելման ազգային ծրագրին ”Անի և Նարոտ հիշատակի հիմնադրամի” աջակցությունը դրսևորվել է հիմնականում նոր պատվաստանյութերի ներդրման գործընթացին ակտիվ մասնակցությամբ:
2007 թվականին կարմրուկի, կարմրախտի և խոզուկի պատվաստանյութի ձեռքբերմանը հիմնադրամն աջակցեց հարյուր հազար ԱՄՆ դոլար ներդրումով:
2008 թվականից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԿԽ պատվաստումներն իրականացվում են հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Հիմնադրամը մասնակցել է նաև հնգավալենտ և պնևմակոկային պատվաստումների ներդրմանը, ինչպես նաև 2009 թվականից հնգավալենտ և ռոտավիրուսային պատվաստումների ձեռքբերման գործում պետության համաֆինանսավորմանը` յուրաքանչյուր տարի հատկացնելով 30 000 ԱՄՆ դոլար: Նոր պատվաստումների աջակցությունը կավարտվի 2015 թվականին:
Հայաստանի մշտական գործընկեր հիմնադրամը հետագայում նախատեսում է Հայաստանում սկսել մեկ այլ ծրագիր, մասնավորապես` հնգավալենտ պատվաստումները երկրում աստիճանաբար փոխարինել վեցավալենտ պատվաստումներով, ինչպես իրականացվում է զարգացած երկրներում: