Ծառայել քաղաքացուն
՛՛Էրեբունի-Երևան 2796՛՛ տոնակատարությունների շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է ՛՛Հին քաղաք նոր հեռանկարներ՛՛ խորագրով ՛՛Երևան 2025՛՛ միջազգային կոնֆերանսը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՛՛Էրեբունի-Երևան 2796՛՛ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Կոնֆերանսի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի մասնակցության հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ մայրաքաղաքներ, Երևանը նույնպես հանդիսանում է երկրի ֆինանսատնտեսական, սոցիալական, տրանսպորտային, գիտակրթական ու պատմամշակութային կենտրոնը, ինչն իր հերթին քաղաքային իշխանություններին առաջադրում է մշակել ապագա քաղաքի այն տեսլականը, որի իրագործումը կապահովի կյանքի և գործունեության որակի բարձր չափորոշիչներ մայրաքաղաքի բնակիչների համար, կնպաստի տնտեսության, սոցիալական ոլորտի, քաղաքային ենթակառուցվածքների կայունությանն ու բնականոն զարգացմանը, ինչպես նաև կերաշխավորի քաղաքային միջավայրի բազմազանության և պատմամշակութային ներուժի պահպանումը.
՛՛Մեր առաջնային նպատակներից է, որպեսզի քաղաքային միջավայրը ծառայի քաղաքացուն։ Փողոցը, շենքը, բակը, խաղահրապարակը, կանաչ տարածքը՝ դրանք ոչ միայն զուտ ապրելու տարածքներ են, այլև այն կենդանի միջավայրն է, որտեղ ձևավորվում են ավանդույթները, քաղաքացիների ընդհանուր շահերը։
Այդ նպատակին հասնելու համար վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Մասնավորապես կառանձնացնեի քաղաքում բակային տարածքների ստեղծման և վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այսօր արդեն կարող ենք ասել, որ վերջին 3 տարիների ընթացքում բարեկարգվել է Երևան քաղաքի անխնամ բակային տարածքների 40%-ից ավելին։
Աննախադեպ ծավալի են հասնում բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման և լուսավորության աշխատանքները։ Ցանկանում եմ շեշտել, որ լուսավորվող բակային տարածքների հիմնական մասը լուսավորված չի եղել նույնիսկ խորհրդային տարիներին։
Կարևոր է նշել, որ քաղաքային իշխանությունների կողմից որդեգրած մայրաքաղաքի համաչափ զարգացման քաղաքականության արդյունքում վերը նշված ոլորտներում իրականացվող աշխատանքներն էականորեն նվազեցրել են ծայրամասերի և կենտրոնի անշարժ գույքերի գների միջև եղած տարբերությունը՝ բարձրացնելով քաղաքի ծայրամասում գտնվող բնակարանի շուկայական արժեքը։
Թեև բնակֆոնդի պահպանման խնդիրը համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների իրավասության շրջանակներում է, քաղաքային իշխանություններն, այնուամենայնիվ, իրենց ուշադրության կենտրոնում են պահում և մեծածավալ աշխատանքներ են իրականացնում բազմաբնակարան շենքերի շահագործման երկարակեցությունն ապահովելու ուղղությամբ, որոնք ներառում են մուտքերի, թեք և հարթ տանիքների վերանորոգման աշխատանքները։
Միաժամանակ, Երևան համայնքի և պետություն արդյունավետ համագործակցության արդյունքում իր լուծումն է ստանում չորրորդ աստիճանի վթարային շենքերի և դրանց բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը։ Կարող եմ վստահությամբ հայտարարել, որ 2015 թվականին ամբողջությամբ կլուծվի մինչ այս պահը գույքագրված չորրորդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի քանդման և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել փողոցների բարեկարգման ուղղությամբ. ասֆալտապատ փողոցների թե՛ քանակը և թե՛ որակը գերազանցում են նույնիսկ խորհրդային տարիների ցուցանիշները։ Եվ ինչը շատ կարևոր է քաղաքի համաչափ զարգացման համար, ասֆալտապատ տարածքների վերականգնումը, պահպանումը և ավելացումը կատարվում է անխտիր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Կարծում եմ, տեսանելի են քաղաքային մշակույթի կարևոր տարրի՝ քաղաքային կահավորանքի իրականացվող ծրագրի արդյունքները։
Երևանում ձևավորվում է յուրահատուկ ոճ, որն ըստ արժանվույնս գնահատվում է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից։ Մեր քաղաքը դարձել է ավելի գրավիչ և ավելի հարմարավետ։ Սոցիալական ոլորտի ամենասուր պրոբլեմներից է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին լիարժեք ինտեգրման հնարավորությունների ստեղծումը։
Նրանց համար մենք պարտավոր ենք ստեղծել ակտիվ կենսագործունեության բարենպաստ միջավայր և լիարժեք կյանքով ապրելու պայմաններ։ Ցավոք, խորհրդային ժամանակաշրջանում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց հիմնախնդիրներով խորապես չեն զբաղվել, և այս ծրագիրը մենք, ինչպես ասում են ՛՛զրոյից՛՛ ենք իրագործում։ 2013 թվականից սկսվել են լայնածավալ աշխատանքներ մատչելիության խնդիրը կարգավորելու ուղղությամբ՝ համագործակցելով պետական կառույցների, ոչ պետական սեկտորի և հասարակական կազմակերպությունների հետ:
Համոզված եմ՝ մոտակա տարիների ընթացքում հասնելու ենք քաղաքաշինական, տրանսպորտային, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային ենթակառուցվածքների մատչելիության տեսանելի առաջընթացին: Այս ծրագրի մանրամասները ևս կներկայացվեն ձեզ կոնֆերանսի ընթացքում՛՛, – նշել է քաղաքապետը՝ առանձնակի կարևորելով նաև մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչումը.
՛՛Մենք քաջ գիտակցում ենք, որ էկոլոգիական վիճակը մայրաքաղաքում հեռու է բավարար լինելուց, և անելիքները շատ են։ Այնուամենայնիվ, մեծ ծավալի աշխատանքներ արդեն կատարվել են։
Միայն վերջին երեք տարիներին Երևանում կառուցված կամ վերականգնված այգիների տարածքն ավելացել է 22 հեկտարով, աշխատանքներ են իրականացվում Երևան քաղաքի համար բուֆերային գոտիներ հանդիսացող տարածքների վերականգնման ուղղությամբ, իսկ ծաղկազարդ Երևանն այսօր հիացնում է ոչ միայն երևանցիներին, այլ նաև մայրաքաղաքի հյուրերին։
Այս կոնտեքստում կարևոր է առանձնացնել վերջին 3 տարիներին Երևանում իրականացված ոռոգման ցանցի ընդլայնման և նորերի ստեղծման լայնածավալ աշխատանքները, որոնք կանաչ տարածքների ստեղծման, վերականգնման և պահպանման երաշխիքն են։ Բնապահպանական հիմնախնդիրների համատեքստում է նաև աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը։
Այն, ըստ էության, իր վրա դեռևս կրում է խորհրդային դրոշմը։ Քաղաքային իշխանությունների գերխնդիրն է մշակել և իրագործել համակարգի ամբողջական բարեփոխման ծրագրերը։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ մեր հավակնոտ ծրագիրն արդեն մտել է գործնական կիրառման փուլ և շուտով Երևանում կարձանագրենք կոշտ թափոնների կառավարման համալիր ծրագրի առաջին փուլի մեկնարկը, ինչի մասին ևս կխոսվի այստեղ՛՛։
Ներկայացնելով վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված ճանապարհաշինական ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է նաև, որ Երևանի երթևեկության կանոնակարգմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրի բաղկացուցիչն հանդիսացող նոր շրջանցիկ ճանապարհների կառուցման աշխատանքներն առաջիկա տարիներին ևս լինելու են շարունակական.
՛՛Հստակ ծրագրեր են իրականացվում նաև քաղաքի տրանսպորտային բեռնաթափման նպատակով ճանապարհային ցանցի ընդլայնման ուղղությամբ։ Հպարտությամբ պետք է նշեմ, որ վերջին 2 տարվա ընթացքում շահագործման են հանձնվել Ուլնեցի-Ռուբինյանց փողոցները միացնող ճանապարհը, երկար սպասված Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող մայրուղին, որի շարունակության մասով արդեն նախագծված է Իսակով-Արշակունյաց հատվածը` Հրազդան գետի վրա կամրջով։
Կցանկանայի առանձնակի շեշտել Երևանի քաղաքապետարանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ, որոնց աջակցությամբ իրականացվում են քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են մայրաքաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված և երկար սպասված քաղաքը շրջանցող նոր ավտոճանապարհի կառուցման, մետրոպոլիտենի արդիականացման ու վերակառուցման, ջրամատակարարման-ջրահեռացման, ինչպես նաև ՛՛Աերացիա՛՛ կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման ներդրումային ծրագրերը։
Քաղաքի ձեռքբերումներն ակնհայտ են նաև ջրամատակարարման և գազիֆիկացման ոլորտում. գազիֆիկացումն այսօր արդեն շուրջ 30%-ով ավել է համեմատական մեկնակետ հանդիսացող Խորհրդային Երևանի գազիֆիկացիայի մակարդակից, իսկ ջրամատակարարման ոլորտում կարող ենք նշել, որ քաղաքի 70 տոկոսն այսօր ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ 30%-ի պարագայում այն կազմում է 17-ից 23 ժամ։ Միաժամանակ արձանագրենք, որ այդ ցուցանիշներն էականորեն բարձր են նույնիսկ խորհրդային շրջանի ցուցանիշներից։
Այդ շրջանում բաժանորդների զգալի մասի ջրամատակարարումն իրականացվում էր 4-ժամյա գրաֆիկով` օրական 2-ական ժամ առավոտյան և երեկոյան, իսկ շուրջօրյա ջրամատակարարում ուներ սպառողների միայն 9-10%-ը։ Թվերը չէին գոհացնում նաև 2000-ական թվականների սկզբին, օրինակ 2005թ.-ին այդ ցուցանիշն ընդամենը կազմում էր 37%։ Մենք գիտակցում ենք, որ Երևանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը հսկա ռեսուրս է հանդիսանում տուրիզմի զարգացման համար։
Ակտիվ աշխատում ենք զբոսաշրջիկների և ներդրողների համար քաղաքի գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այսօր քաղաքում աճող տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը (օրինակ՝ հյուրանոցների ստեղծումը, ինտերնետային կապի ցանցի ընդլայնումը և այլն) վկայում է մայրաքաղաքի բարենպաստ ներդրումային միջավայրի մասին։
Այս ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները նույնպես կներկայացվեն ձեզ։ Այս ամենով հանդերձ մենք չենք գոհանում արդեն իսկ կատարածով, և մեր հայացքը ուղղված է դեպի ապագայի Երևանը, և այդ է պատճառը, որ մենք այսօր հավաքվել ենք միմյանց լսելու և փորձի փոխանակման համար՝ ի նպաստ 2796-ամյա մեր Երևանի վաղվա օրվա՛՛,- ընդգծել է քաղաքապետն ու արդյունավետ աշխատանք մաղթել կոնֆերանսի մասնակիցներին։
՛՛Հին քաղաք նոր հեռանկարներ՛՛ խորագրով ՛՛Երևան 2025՛՛ համաժողովի ընթացքում բանախոսները մասնակիցներին կներկայացնեն Երևան քաղաքի տեսլականը, զարգացման հեռանկարներն ու պատկերացումները։