Թալանել են պարսիկներին . Ժամանակ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Գեւորգ Գեւորգյանի գործը: Գործի մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, նախնական համաձայնության գալով Միշա Ալիյանի հետ, 2014 թվականի փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում սպառնալիքի գործադրմամբ, ավազակային հարձակմամբ Իրանի քաղաքացիներ Ֆարզադից հափշտակել է 2 հազար դոլար, իսկ Այուբից՝ 8 հազար դրամ:
Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:
Քրեական գործից անջատվել ու առանձին վարույթում է Միշա Ալիյանի մասը: Ալիյանը մինչեւ հիմա փախուստի մեջ է:
Դատարանը ստիպված եղավ Գեւորգյանի գործով հրապարակել տուժող իրանցիների նախաքննական ցուցմունքները, որովհետեւ դատարանի հարցումներին պատասխան էր ստացվել, որ տուժողները գտնվում են Իրանում, նրանց ներկայությունը դատական նիստին ապահովել հնարավոր չէ:
Գեւորգյանի շահերի պաշտպանն առարկեց տուժողների նախաքննական ցուցմունքների հրապարակման դեմ՝ ասելով, թե կխախտվի ամբաստանյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձանց հարցաքննելու, արդար դատաքննության իրավունքը:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ էլ տուժողներն ու Գեւորգ Գեւորգյանը առերես չեն հարցաքննվել: Նրանք դեպքից հետո կարճ ժամանակ անց մեկնել են Հայաստանից: Երբ Գեւորգյանը հայտնաբերվել ու բռնվել է, տուժողներն արդեն Հայաստանում չեն եղել:
Նախաքննական մարմինը առերեսում չկատարելը բացատրել է նրանով, որ տուժողները հրաժարվում են Հայաստան գալ՝ բավարար նյութական միջոցներ չունենալու պատճառով:
Պաշտպանը նշեց, որ դատարանը պարտավոր է օրենքով նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկել՝ տուժողների ներկայությունն ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում նույնիսկ միջազգային իրավական օգնության պետք է դիմի: Պետությունը պարտավորություն ունի մեղադրվող իր քաղաքացու իրավունքները հարգելով՝ նրա դեմ ցուցմունք տված անձանց ներկայությունն ապահովել դատարանում:
Դատարանը կողմերին լսելով՝ եկավ եզրակացության, որ պատշաճ հարցումներ են արվել, տուժողներն օտարերկրացիներ են, գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, ներկա պահին անհնար է նրանց դատարանում հարցաքննելը:
Տուժողները ոստիկանությունում հաղորդում են տվել հարձակման ենթարկվելուց հետո: Նրանք հարցաքննվել են փետրվարի 23-ին: Ըստ տուժողների նախաքննական ցուցմունքների՝ իրենք Հայաստան են եկել մի քանի օրով՝ շրջագայելու նպատակով: Կանգ են առել Նորք-Մարաշում գտնվող ՛՛Վիլլա դել Ռոզ՛՛ հյուրանոցում:
Դեպքի օրը, ուշ երեկոյան գնացել ու ժամանակ են անցկացրել Խանջյան փողոցում գործող ՛՛999՛՛ բարում: Երբ բարից դուրս են եկել, բարի դիմաց կանգնած են եղել տաքսիներ:
՛՛Օպել՛՛ մեքենայի վարորդին ցույց են տվել հյուրանոցի այցեքարտը ու պայմանավորվել են այնտեղ հասնելու համար վճարել 1000 դրամ: Վարորդն ասել է՝ օքեյ:
Ըստ տուժողների՝ երբ ճամփա են ընկել, վարորդը հեռախոսով սկսել է հայերեն խոսել ինչ-որ մեկի հետ: Քիչ հետո նա կանգնեցրել է մեքենան ու վերցրել ինչ-որ մեկին:
Պարսիկ ուղեւորներն անգլերեն դժգոհել են, որ նա ուրիշ մարդու է վերցնում, երբ ուղեւորներ ունի, բայց կարծես վարորդը չի հասկացել ու չի պատասխանել: Օտարերկրացի ուղեւորները զգացել են, որ նոր նստածը ուղեւոր չէ, նա մեքենան չի կանգնեցրել, վարորդն է կանգնել ու վերցրել նրան, եւ ճանապարհին նրանք խոսել են հայերեն հին ծանոթների նման:
Երբ որոշ ճանապարհ անցել են, մեքենան կանգնել է բենզակայանի մոտ: Վարորդը հասկացրել է՝ դրամ-դրամ-բենզին:
Պարսիկ ուղեւորները տեսել են՝ ցուցիչը ցույց է տալիս, որ մեքենան բենզին ունի: Նրանք ասել են, որ կվճարեն, երբ տեղ հասնեն: Վարորդը, ըստ տուժողների, խփել է իր ճակատին, շատ ջղայնացած փակել է մեքենայի դռները ու աղմուկով մեքենան պոկել է տեղից: Պարսիկները վախեցել են, մանավանդ որ՝ մեքենան ընթացել է մութ ու անծանոթ փողոցներով: Վարորդի կողքին նստած Այուբը գրպանից հանել է մոտը եղած 8 հազար դրամը, ցանկացել է վարորդին տալ 1 հատ հազարանոցը, բայց վարորդը նրա ձեռքից խլել է ամբողջ 8 հազար դրամը:
Ըստ տուժողների՝ իրենք հասկացել են, որ վարորդն ու ընկերը ուզում են իրենց թալանել: Վերջինս, պարսիկների տպավորությամբ, խոսել է ծաղրական տոնով, ասել է՝ Նորք ենք գնում, Նորք: Հասել են մի ամայի տեղ, որտեղ տներ չեն եղել: Վարորդն ու ընկերը հայերեն խոսել են:
Վարորդն իջել է, հանել է մեքենայի հետեւի համարանիշը, բերել ու մեքենայի մեջ գցել է իր ոտքերի մոտ: Պարսիկներն ավելի են վախեցել, ենթադրել են, թե իրենց ուզում են սպանել:
Հետեւի նստատեղին նստածը կարողացել է այդ համարանիշը վերցնել ու դուրս թռչել մեքենայից: Նա համարանիշը ձեռքին բարձր բռնած սկսել է վազել: Մյուս պարսիկն էլ է իջել մեքենայից: Վարորդն ու ընկերը հետապնդել են: Վերջինս գրպանից դանակ է հանել, սպառնացել, դանակը դրել է համարանիշը ձեռքին բռնած Ֆարզադի պարանոցին: Ֆարզադի ձեռքից համարանիշն ընկել է:
Ըստ տուժողների՝ Ֆարզադի մեջքին մի քանի անգամ ձեռքով հարվածել են, նրա գրպանից հանել են մոտը եղած երկու հազար դոլարը՝ քսան հատ հարյուր դոլարանոց, նստել են մեքենա ու հեռացել են:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: