18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահը ընդունել է Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորած  պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝  ՀՀ ԱԺ նախագահը  շնորհավորել է տիկին Թեոխարուսին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: 

Գալուստ Սահակյանը նշել է, որ քաջատեղյակ է տիկին Թեոխարուսի կենսագրությանը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության ընթացքում նրա կողմից իրականացված մարդասիրական առաքելությանը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան մեր երկրի հանդեպ ունեցած բարեկամական ու սրտացավ վերաբերմունքի համար եւ վստահեցրել, որ տիկին Թեոխարուսի հերթական  այցը Լեռնային Ղարաբաղ հնարավորություն կընձեռի անմիջականորեն տեղեկանալու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների տեսակետներին, քանի որ նման դեպքերում չկա ավելի լավ միջոց, քան սեփական աչքով տեսնելն ու ժողովրդի հետ շփվելը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է։ Այդուհանդերձ, խնդրի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից։ 

ՀՀ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել Բրյուսելում ՀՀ դեսպանության եւ Հայ դատի գրասենյակի, մասնավորապես պարոն Գասպար Կարապետյանի հետ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության առթիվ: Նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:

Այնուհետեւ Գալուստ Սահակյանը նշել  է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաեւ պարոն Բեռնար Կուլիին, ով Հայոց պատմության եւ հայերենի իմացությամբ, միգուցե նաեւ հայկական մտածելակերպով հարազատ մարդ է, ում գործունեության արդյունքում է, որ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում նախատեսվում է Լուվեն լա Նեով համալսարանի եւ Ստեփանակերտի համալսարանի միջեւ համաձայնագրի կնքում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քաջատեղյակ է նաեւ պարոն Իոաննիս Խարալամբիդիսի հեղինակած «Վարձու մարդասպանների եւ ահաբեկիչների ցանցը Ադրբեջանում» գրքից, որը մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակներում:

                               Անդրադառնալով ԵՄ-ՀՀ համագործակցությանը՝  Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւոր գործընկերներից մեկը: Բազմիցս ընդգծվել է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում: Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շարունակելու է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնել եւ խորացնել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը։ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդարանական ձեւաչափը: Սա այն հարթակն է, որը տարիներ շարունակ ծառայել է քաղաքական խմբերի ներկայացուցիչների ազատ շփմանը եւ երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի ազատ փոխանակմանը:

                Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում։ Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, ինչպես 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնց հետագա վավերացումը Թուրքիայի իշխանությունները խայտառակ կերպով տապալեցին:

 

           Զրույցի ընթացքում անդրադառնալով Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ Գալուստ Սահակյանը շեշտել է, որ ինչպես Կիպրոսը, այնպես էլ Եվրոպական խորհրդարանը առաջիններից են, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ հույս հայտնել, որ հյուրերը կմասնակցեն 2015 թվականի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երեւանում կայանալիք միջոցառումներին: Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհից Հայաստան ժամանող պաշտոնյաների ներկայությունը կլինի համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:

        Էլենի Թեոխարուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների օրերին կլինեն հայ ժողովրդի կողքին՝ հայտնելով իրենց զորակցությունը: Նա նշել է, որ պետք է ողջ աշխարհին ուղերձ ուղարկել՝ դատապարտելով մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նա նշել է, որ Կիպրոսն այսօր պատանդի կարգավիճակում է եւ դադարեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ: Նա նշել է, որ առաջիկայում ԵԽ-ում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի խնդիրներին:

 

         Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի հետ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման գործում նշանակալի ավանդի համար  Էլենի Թեոխարուսին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով, իսկ Բեռնար Կուլիին, Իոաննիս Խարալամբիդիսին եւ Գասպար Կարապետյանին՝  ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ