11-ամյա որդու մայրը տունը դարձրել է պոռնկատուն. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը:
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի եւ Արգեն Ա.-ի հետ համաձայնության է եկել, գույքային օգուտ ստանալով՝ նրանց կողմից կատարվող պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2011 թվականից մինչեւ 2014 թվականի մայիս ամիսը պարբերաբար գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալու համար իր բնակարանում կազմակերպել է հիշյալ մարմնավաճառուհիների ինտիմ հանդիպումները “արական սեռի տարբեր ներկայացուցիչների հետ”:
Յուրաքանչյուր անգամ բնակարանը տրամադրելու եւ միջնորդության համար Նաիրան, ըստ դատական ակտի, ստացել է 5 հազար դրամ:
2014 թվականի հունիսի 14-ին Նաիրայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ընդհանուր իրավասության դատարանում Նաիրան իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը նրա միջնորդությամբ քննվել է արագացված կարգով:
Դատարանն արձանագրել է, որ նշված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ընդգրկված է հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների կազմում:
Հաշվի է առնվել, որ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Որպես մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել, որ Նաիրայի խնամքին է անչափահաս որդին՝ 2003 թվականին ծնված:
Ամբաստանյալը բնութագրվում է դրական, նա վատառողջ է, տառապում է վեներական հիվանդությամբ:
Նաիրա Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար եւ դատապարտվել 3 տարի իրական ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման եւ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը: Օ զարմանք, դատախազը միջնորդել է մեղմացնել պատիժը՝ Նաիրայի նկատմամբ կիրառելով պայմանական դատապարտություն եւ սահմանելով փորձաշրջան:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ 1in.am-ի