Թոմաս Բախը նախագահի նստավայրում էր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:
ՀՀ Նախագահը եւ ՄՕԿ նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը հաճույքով է նշել, որ “Զվարթնոց” օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար:
Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով եւ հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները: Թոմաս Բախը վստահեցրել է, որ եւ՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, եւ՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը եւ հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, եւ հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, եւ այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաեւ կայունությանն ու խաղաղությանը: