Ոչ մի երկրում չի գրվում, որ երկրի նախագահը այլևս չի կարող այլ պաշտոնի հավակնել /վիդեո/
“Սահմանադրական բարեփոխումներն ինքնանպատակ չեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ բարեփոխումների դեմ պայքարող նախաձեռնությունների կամ քաղաքական ուժերին հաջողվի դրանք տապալել: Նա նշեց, որ իր համար խորթ են ընդհանրապես սահմանադրական բարեփոխումերին դեմ լինելու մասին արտահայտությունները: “Կարող ենք բարեփոխումների մեջ մեկ-երկու դրույթի դեմ լինել, սակայն չեմ կարծում, որ ընդհանրապես բարեփոխումներին դեմ լինելը ճիշտ է”:
Դիտարկմանը, թե քաղաքական ուժերը շեշտում են, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների միջոցով ցանկանում են վերաարտադրվել, Հովհաննես Սահակյանն արձագանքեց, որ սրանով պարզ է դառնում, թե ինչի համար են այդքան ոգևորվել ոչ իշխանական քաղաքական ուժերը: “Երբ երկրի նախագահը հստակ ներկայացրեց իր պատկերացումները, որ չի փոխում Սահմանադրությունը, որպեսզի երրորդ անգամ նախագահ ընտրվի, եթե անցում լինի խորհրդարանական կառավարմանը, չի հավակնելու վարչապետի պաշտոնին, որը խորհրդարանական մոդելի դեպքում առանցքային պաշտոնն է, եղան քաղաքական ուժեր կամ մարդիկ, որ ունեցել են մանկության երազանք և փորձում են դա իրականություն դարձնել”:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե ՀՀ նախագահը սահմանադրական բարեփոխումների դեպքում կարող է հավակնել Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, ապա ՀՀԿ պատգամավորն ասաց. “Որևէ երկրում չկա պրակտիկա, որտեղ սևը սպիտակի վրա գրվի, որ այդ երկրի նախագահը այլևս չի կարող այլ պաշտոնի հավակնել: Այստեղ ընկալումների առումով խնդիր կա, և ես կարծում եմ, որ մենք դեռևս անելիքներ ունենք”:
Առավել մանրամասն` տեսանյութում: