19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերության 20-ամյակի առթիվ այսօր այցելել է հեռուստաընկերություն, շնորհավորել ՛՛Շանթի՛՛ աշխատակիցներին, սեփականատերերին և բազմահազար հեռուստադիտողներին՝ հեռուստաընկերության հոբելյանի առթիվ:

՛՛Այս տարիների ընթացքում ընկերությունը կայացել է որպես ոլորտի առաջատարներից մեկը, և կարծում եմ, որ այսպիսի գնահատականն արժանի գնահատական է: Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը, ինձ դուր է գալիս հատկապես աշխատանքը երիտասարդների շրջանում, ձեր պրպտուն, համբերատար աշխատանքը, տաղանդներ հայտնաբերելու և առաջ մղելու գործելաոճը:

Անձամբ ինձ շատ է դուր գալիս ՛՛Ժողովրդական երգիչ՛՛ նախագիծը, թեև անկեղծորեն պետք է ասեմ, որ միշտ չէ, որ հնարավորություն եմ ունենում դիտել այդ հաղորդումը, բայց երբ դիտում եմ՝ դիտում եմ հաճույքով: Դա շատ շնորհակալ աշխատանք է՝ հնարավորություն տալ մարդկանց ինքնադրսևորվելու:

Հոգ չէ, որ կարող են ստուդիա գալ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մարդիկ, ովքեր, մեղմ ասած, տաղանդավոր չեն, բայց եթե 20-30 հոգուց մեկը լինի տաղանդավոր, ուրեմն՝ դուք շատ շնորհակալ աշխատանք եք կատարում և՛ տվյալ մարդու, և՛ մեր հանրության համար՛՛,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել հեռուստաընկերությանը բազմաթիվ հոբելյաններ:

՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերության հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության ստեղծման և կայացման, հեռուստատեսության բնագավառի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, հեռուստալրագրության զարգացման գործում ներդրած ավանդի և բազմամյա նվիրումի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար հեռուստաընկերության մի շարք աշխատակիցներ ՀՀ Նախագահի հրամանագրերով արժանացել են ՀՀ պետական պարգևների: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին և հանձնել մեդալներն ու շնորհակալագրերը:

Հանրապետության Նախագահը ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերությունում հետևել է նաև Գյումրիում «Թումո» կենտրոն բացելու կապակցությամբ հեռուստաընկերության նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական մարաթոնին:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը՝ Սերժ Սարգսյանը ողջունել է, որ ծննդյան տարեդարձը հեռուստաընկերությունը նշանավորում է այդպիսի կարևոր նախաձեռնությամբ, որը, Նախագահի համոզմամբ, դեռ երկար տարիներ հիշվելու է:

՛՛Այս նախաձեռնությունը հիանալի է հենց միայն նրանով, որ ուղղված է երեխաներին: Այն հիանալի է նաև նրանով, որ պետք է իրականացվի Գյումրիում: Գյումրիին դեռևս տալու շատ բան ունենք, և ես վստահ եմ, որ այս ծրագիրը հաջող ընթացք է ունենալու:

Ես վստահ եմ, որովհետև անձամբ ճանաչում եմ հեղինակներին՝ Սեմ Սիմոնյանին և Արթուր Եզեկյանին, ովքեր իմ ճանաչած ամենահետևողական մարդկանցից են և ոչ միայն ամենահետևողական, այլ նաև արդյունավետ մարդկանցից են: Վստահ եմ, որ այս համագործակցությունը բերելու է շատ լավ արդյունքներ:

Կարծում եմ, բոլորի համար հասկանալի է, որ ես նախօրոք գիտեի այս միջոցառման մասին, և ինչպես նորմալ հայ, ես էլ եմ պատրաստվել միջոցառմանն ու ուզում եմ, որպեսզի իմ մասնակցությունն էլ լինի այս ծրագրի իրականացմանը:

Ես արդեն խոսել եմ մեր պատասխանատուների հետ, և մենք որոշում ենք կայացրել ՛՛Թումո՛՛ կենտրոնին Գյումրիում հատկացնել նորակառույց մեր տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մի հարկաբաժին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ այդ ծրագիրն ընդլայնվելու է, և ՛՛Թումոն՛՛, որ արդեն իր սեփական ձեռագիրն ունի, Գյումրիում պետք է ունենա նաև սեփական մասնաշենքը:

Կարծում եմ, որ որոշակի ժամանակ հետո մենք նաև հնարավորություն կգտնենք Գյումրիի ՛՛Թումո՛՛ կենտրոնին տրամադրելու մասնաշենք, այնուհետև կվերանորոգենք, և մասնաշենքը կգործի շատ արդյունավետ, կապրի բեղուն կյանքով:

Սա մեր նպատակներից մեկի իրականացումն է: Մենք, եթե չեմ սխալվում, մեկ տարի, թե տարիուկես առաջ, երբ խոսում էինք պարոն Սիմոնյանի հետ, խոսում էինք, թե ինչ հնարավորություն կարելի է գտնել, որպեսզի գոնե Հանրապետության բոլոր մարզերում ունենանք մեկական ՛՛Թումո՛՛ կենտրոն, որովհետև մենք տաղանդավոր երեխաներ ունենք նաև մեր մարզերում, և նրանց քանակը շատ մեծ է:

Ես կարծում եմ, որ երբ այսօր այս բեմահարթակից պարոն Սեմ Սիմոնյանը հայտարարեց արդեն չորս ՛՛Թումոների՛՛ առկայության մասին՝ տարիուկես ժամանակահատվածում դա բավարար է, և ես հույս ունեմ, որ մոտակա երկու-երեք տարիների ընթացքում խոսելու ենք արդեն տասից ավելիի մասին՛՛,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության Նախագահը միջոցառումից հետո շրջել է հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին, հեռուստաընկերության հնարավորություններին ու զարգացման ծրագրերին, այդ թվում՝ ՛՛Շանթ՛՛-ի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ